ՀՀ կառավարությունը կթուլատրի օպցիոնի պայմանագիր կնքել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ բաժնետոմսերի վաճառքի նպատակով
Տնտեսություն
09:00 07/08/2025
Հայաստան

ՀՀ կառավարությունը կթուլատրի օպցիոնի պայմանագիր կնքել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ բաժնետոմսերի վաճառքի նպատակով

Հայաստանի կառավարությունը մտադիր է  թույլատրել վարչապետի աշխատակազմին կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ բաժնետոմսերի վաճառքի նպատակով։ Պայմանագիրը կստորագրվի այն նույն ընկերության հետ, որը ամիսներ առաջ որպես նվիրատվություն է փոխանցել բաժնետոմսերի 20 %-ը՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ի։ Այդ մասին գրում է «Pastinfo»-ն։

«Հիշեցնենք՝ 2024 թ. փետրվարի 29-ի որոշմամբ կառավարությունը որպես նվիրատվություն ընդունել էր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ից 110.000 բաժնետոմս՝ «ՄՏՍ Հայաստան»-ի 20 % բաժնեմասը։ Դրանց կառավարումը վերապահվել էր վարչապետի աշխատակազմին։

Այժմ նույն ընկերությունը ներկայացրել է առաջարկ՝ վերոնշյալ բաժնետոմսերի օպցիոնով (այսինքն՝ պայմանական) հետգնելու վերաբերյալ, ինչին առաջարկվում է տալ համաձայնություն։ Հարցն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։ Միաժամանակ նշվում է, որ գնորդը համաձայնվել է վաճառողին, այսինքն՝  կառավարությանը տրամադրել վաճառքի օպցիոն Օպցիոնի բաժնետոմսերի նկատմամբ:

Փաստաթղթից պարզ է դառնում, որ եթե կառավարությունը որոշի իրացնել օպցիոնը՝ այսինքն՝ վաճառել բաժնետոմսերը, ապա գնորդը՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը, պարտավորվում է վճարել 50 միլիոն դոլար՝ գումարը փոխանցելով առավելագույնը 90 օրվա ընթացքում։

Որպես իրավական հիմք՝ օգտագործվելու է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքը։

Այսպիսով՝ ընդամենը մի քանի ամսում, կառավարությունը նվիրատվություն ընդունելով բաժնետոմսեր, պատրաստվում է դրանք վաճառել՝ նույն կազմակերպությանը, նույն բաժնեմասը։

Ոչ պետական աղբյուրները հարց են բարձրացնում՝ արդյոք սա դասական փոխադարձ պայմանավորվածության օրինակ չէ՝ երբ նվիրատվությունը վերածվում է հետադարձ վաճառքի հատուկ պայմաններով։ Կառավարությունն այս հարցերի շուրջ մեկնաբանություն առայժմ չի ներկայացրել»,-ասվում է հոդվածում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder