Ողբերգական դեպք՝ նորակառույց դպրոցում
Հասարակություն
15:08 07/08/2025
Հայաստան

Ողբերգական դեպք՝ նորակառույց դպրոցում

Օգոստոսի 7-ին, ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյան խոշորացված համայնքի Անիի տարածաշրջանի Շիրակավան գյուղից հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի: 

«Գյուղ են ժամանել քրեական ոստիկանության Շիրակի մարզի վարչության ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պատասխանատուները: 
 
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր և Շիրակավանի միջնակարգ նոր կառուցվող դպրոցի տարածքից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է Շիրակի մարզի բնակիչ 39-ամյա Արտյոմ Ծ.-ն:

Ըստ նախնակնա տեղեկությունների՝ նշված դպրոցում վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելիս շինարարական երկաթե կոնստրուկցիաները թափվել են նրա վրա, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: 

Դեպքի մասին Շիրակի մարզի քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն: 

Դեպքի փատով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Դպրոցը կառուցվում էր ՀՀ կառավարության հովանավորությամբ՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: 

Շինարարության մեկնարկը տրվել է 2024 թվականի դեկտեմբերի 24-ին: 
 
Նախագծային կազմակերպությունը «Եռանկյուն Պրոջեքթ» ՍՊԸ-ն է, տեխնիկական վերահսկումը իրականացնում է Շիրակի մարզում հաշվառված «ԱԳԵԱ» ՍՊԸ-ն»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder