Ինչու են զբոսաշրջիկները շրջանցում Կարծախում գտնվող Ջիվանու տուն-թանգարանը
Մշակույթ
17:41 08/08/2025
Տարածաշրջան

Ինչու են զբոսաշրջիկները շրջանցում Կարծախում գտնվող Ջիվանու տուն-թանգարանը

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարծախ գյուղում գտնվող հայ հայտնի աշուղ Ջիվանու տուն-թանգարանն արդեն ինը տարի է գործում է առանց մշտական այցելուների։ Չնայած ցուցահանդեսի բացառիկությանը և կազմակերպիչների ջանքերին, թանգարանը մնում է չբացահայտված․ ո՛չ զբոսաշրջիկները, ո՛չ էլ տեղացիները չեն շտապում այցելել այնտեղ։ Jnews-ի հաղորդմամբ, հիմնական պատճառներն են՝ ենթակառուցվածքների բացակայությունն ու անտարբերությունը։

Կարծախ գյուղը, որտեղ գործում է թանգարանը, գտնվում է Թուրքիայի սահմանի մոտ։ Գրեթե ամեն օր այդտեղով անցնում են Հայաստանից եկող զբոսաշրջիկների խմբեր, սակայն թանգարան չեն մտնում։ Թանգարանի թանգարանավար-համակարգող Հասմիկ Սաղաթելյանի խոսքով, ինքը հրավիրել է Հայաստանի մի քանի հայտնի զբոսաշրջային խմբերի ուղեկցորդների, ցույց տվել թանգարանը, պատմել ցուցահանդեսի մասին։

«Նրանք շատ տպավորվում են, քանի որ ոչ բոլոր թանգարաններն ունեն հուշային մաս։ Բայց դրանով ամեն ինչ ավարտվում է», - ասել է նա։

Խմբի ուղեկցորդները վստահեցնում են, որ զբոսաշրջիկներին պատմել են թանգարանի մասին, ցույց տվել լուսանկարները, բայց իբրև թե հետաքրքրություն չեն ցուցաբերել։

«Ասում են, որ զբոսաշրջիկները Հայաստանից գալիս են հոգնած ու քաղցած։ Մարդիկ ուզում են հանգստանալ և մի բան ուտել։ Բայց մենք ո՛չ սրճարան ունենք, ո՛չ էլ խանութ։ Դրա համար նրանք շտապում են սահմանը հատել և չեն կանգնում։ Սա է հիմնական խնդիրը», -նշել է Հասմիկ Սաղաթելյանը։

Նրա խոսքով, թանգարան հիմնականում այցելում են նրանք, ովքեր իսկապես սիրում են Ջիվանու ստեղծագործությունները և որոնց համար հեռավորությունը նշանակություն չունի։

Անտարբերությունը նկատելի է ոչ միայն զբոսաշրջիկների կողմից։ Թանգարան հազվադեպ են այցելում նաև տեղացիները, այդ թվում՝ դպրոցականները։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder