Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան դրական է գնահատում ամերիկյան կողմի միջնորդությամբ կայացած Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Վաշինգտոնում
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է Ռուսաստանի անմիջական աջակցությամբ և գլխավոր դերակատարմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարության ընդունմամբ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ կապված Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև բանակցությունների հետ:
Զախարովան նշել է, որ Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում ամերիկյան կողմի միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպումը, Ռուսաստանը հույս ունի, որ դա կնպաստի խաղաղության առաջխաղացմանը
«Մենք հետևողականորեն աջակցում ենք բոլոր այն ջանքերին, որոնք նպաստում են տարածաշրջանային անվտանգության այս կարևոր նպատակին հասնելուն։ Այս առումով, Հարավային Կովկասի հանրապետությունների ղեկավարների հանդիպումը Վաշինգտոնում ամերիկյան կողմի միջնորդությամբ, արժանի է դրական գնահատականի։ Մենք հույս ունենք, որ այս քայլը կնպաստի խաղաղության օրակարգի առաջխաղացմանը», - նշել է դիվանագետը։
Զախարովան ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտեցումը պետք է հիմնված լինի շահերի հավասարակշռության վրա և ինտեգրվի տարածաշրջանային համատեքստում։
«Խաղաղության մասին համաձայնագրի ստորագրումը և ուժի մեջ մտնելը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատումը կունենան չափազանց կարևոր նշանակություն երկու հարավկովկասյան հանրապետությունների միջև խաղաղության հաստատման գործում։ Երկու երկրների միջև հաշտեցումը պետք է ինտեգրվի տարածաշրջանային համատեքստում և հիմնված լինի շահերի հավասարակշռության և կողմերի ու հարևան պետությունների առաջնահերթությունների անվերապահ հարգանքի վրա», - նշել է դիվանագետը
Նա ասել է, որ Ռուսաստանը լրացուցիչ կվերլուծի Վաշինգտոնի հայտարարությունները Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ, այս ոլորտում Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ եռակողմ համաձայնագրերը շարունակում են արդիական մնալ։
«Մենք կշարունակենք վերլուծել Վաշինգտոնի հայտարարությունները տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Այս ոլորտում Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ համաձայնագրերը, որոնցից ոչ մի կողմ չի դուրս եկել, մնում են արդիական։
Կարևոր է նաև հաշվի առնել Հայաստանի անդամակցության գործոնը ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքում, մասնավորապես՝ հանրապետության տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպման առումով։ Չի կարելի նաև անտեսել այն փաստը, որ Իրանի հետ Հայաստանի սահմանը պահպանում են ռուս սահմանապահները, որոնք տեղակայված են 1992 թվականի սեպտեմբերի 30-ի միջպետական համաձայնագրի համաձայն»,- ասել է Զախարովան։
Զախարովան ընդգծել է, որ Հարավային Կովկասում լուծումների որոնման գործում արտաքին ուժերի ներգրավումը չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծի. տարածաշրջանի խնդիրները լավագույնս լուծվում են ներքին խաղացողների և հարևանների կողմից։
«Հարավային Կովկասի խնդիրների լուծման օպտիմալ տարբերակը տարածաշրջանի երկրների կողմից մշակված լուծումների գտնելն ու հետագա իրականացումն է՝ իրենց անմիջական հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի աջակցությամբ։ Տարածաշրջանից դուրս խաղացողների ներգրավումը պետք է նպաստի խաղաղության օրակարգի ամրապնդմանը և չստեղծի լրացուցիչ դժվարություններ ու բաժանարար գծեր», - ասել է դիվանագետը։