Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շիգելոզը (բակտերիալ դիզենտերիա) շիգելաների տարբեր տեսակներով հարուցվող բակտերիալ աղիքային վարակ է, որի ժամանակ ախտահարվում է առավելապես հաստ աղու դիստալ հատվածը: Փոխանցվում է աղտոտված ջրի, սննդի, հիվանդի հետ շփման միջոցով:
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից պատասխանում են երեք գլխավոր հարցի՝
.որքա՞ն է տևում հիվանդության գաղտնի շրջանը,
.ե՞րբ է դառնում վարակիչ,
.որքա՞ն ժամանակ է վարակիչ:

Համաճարակաբանություն
Վարակը փոխանցվում է Ֆեկալ-օրալ մեխանիզմով: Վարակի աղբյուր են սուր և քրոնիկ շիգելոզով հիվանդները ինչպես նաև բակտերիակիրները: Փոխանցվում է աղտոտված ջրի, սննդի, հիվանդի հետ շփման միջոցով:
Հիվանդությունը հանդիպում է առավելապես ամռան ամիսներին:
Կլինիկական ընթացք
Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 1-7 օր ( հիմնականում 12 ժամից 3 օր): Շիգելոզով վարակված մարդիկ կարող են գանգատներ չունենալ (բակտերիակրություն), բայց լինել վարակիչ շրջապատի համար:
Հիվանդության ախտանիշներն են`
- փորլուծություն ( ջրային, լորձի և արյան առկայությամբ)
- կծկանքային բնույթի ցավեր որովայնում
- կեղծ կանչեր
- ջերմության բարձրացում
- սրտխառնոց, փսխում
- ընդհանուր թուլություն
Հիվանդությունը սովորաբար տևում է 7 օր: Հաճախ տեղի է ունենում ինքնալավացում, սակայն որոշ դեպքերում կարող ն առաջանալ այնպիսի բարդություններ` աղիների թափածակում, տոքսիկ-ինֆեկցիոն շոկ, հեմոլիտիկ-ուրեմիկ սինդրոմ, ռեակտիվ արթրիտներ:
Ռիսկի խմբեր
Հիվանդությունը կարող է զարգանալ յուրաքանչյուր անձի մոտ, սակայն որոշները առավել բարձր ռիսկի խմբում են`
- մինչև 5 տարեկան երեխաներ
- միջազգային ճանապարհորդներ
- ճնշված իմունային համակարգ ունեցողներ
- տարեց անձիք
- ցածր սանիտարա-հիգիենիկ պայմաններում ապրող մարդիկ
Բռնկումներ հաճախ առաջանում են նախակրթական հաստատություններում, դպրոցներում, մեծահասակների խնամքի կենտրոններում:
Ախտորոշում
Շիգելոզի հաստատման համար իրականացվում են լաբորատոր հետազոտություններ`
հարուցիչի անջատում կղանքից` կղանքի բակտրիոլոգիական քննություն
շճաբանական թեստեր, կղանքի ՊՇՌ քննություն:
Բուժում
Հիվանդության ժամանակ հաճախակի դիտվում է ինքնալավացում: Կարևոր է առատ հեղուկների օգտագործումը, խուսափելու համար ջրազրկումից: Գնահատելով հիվանդության ծանրության աստիճանը, մասնագետի կողմից կարող է նշանակվել հակաբիոտիկոթերապիա:
Կանխարգելում
Պահպանել ձեռքերի հիգիենան` լվանալ ձեռքերը օգտագործելով օճառ առնվազն 20 վայրկյան, հատկապես ուշադիր լինել ձեռքերի հիգիենային երեխաների տակդիր փոխելիս
խուսափել ջուր կուլ տալուց լողավազաններում
ճանապարհորդելիս մաքուր պահել ձեռքերը, օգտագործել անվտանգ սնունդ և ջուր
Վակցինոպրոֆիլակտիկա չի կիրառվում:
Դիմեք մասնագետի եթե առկա է`
- արյունային փորլուծություն
- փորլուծություն, որն ուղեկցվում է քաշի կորստով և ջրազրկմամբ
- փորլուծություն ջերմության բարձրացմամբ 39 0 C և ավելի
- արտահայտված որովայնի կծկանքային ցավեր
- բազմակի փսխումներ
- ջրազրկման այնպիսի նշաններ ինչպիսիք են մեզի քանակի քչացում, բերանի չորություն, գլխապտույտ կանգնելիս: