Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ճանապարհ կհարթի հակամարտությանը վերջ դնելու համար. Փաշինյան
Քաղաքական
00:28 09/08/2025
Հայաստան

Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ճանապարհ կհարթի հակամարտությանը վերջ դնելու համար. Փաշինյան

«Մենք հասել ենք կարևոր հանգրվանի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։  Այս բեկումնային առաջընթացը հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավածության և մեր տարածաշրջանում խաղաղության նկատմամբ նրա վճռական հանձնառության»,- Սպիտակ տանը Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ «Խաղաղության համաձայնագրի» նախաստորագրումը ճանապարհ կհարթի մեր երկրների միջև տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու համար և կբացի նոր դարաշրջան՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքի վրա։ 

«Այսօրվա հռչակագրերը, որոնք անձամբ կստորագրի նաև նախագահ Թրամփը, վստահություն և երաշխիք են տալիս առ այն, որ մենք Հարավային Կովկասում բացում ենք խաղաղության, բարգավաճման, անվտանգության և տնտեսական համագործակցության էջը։

Թույլ տվեք ընդգծել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման մասին համաձայնագիրը՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքների վրա։

Ես հատկապես ուրախ եմ, որ ԱՄՆ-ի հետ միասին Հայաստանը կաշխատի կյանքի կոչելու «Թրամփի ուղին խաղաղության և բարեկեցության համար» (TRIPP) կապակցման նախագիծ, որը կապաշրջափակի ողջ տարածաշրջանը։

TRIPP-ը կբացի ռազմավարական, տնտեսական հնարավորություններ, որոնք կբերեն երկարաժամկետ օգուտներ։ Այն կնպաստի ենթակառուցվածքային ներդրումներին, կխթանի տարածաշրջանի կապակցվածությունը և կամրապնդի ԱՄՆ-ի՝ որպես հակամարտությունների լուծման կարևորագույն դերակատարի առաջատարությունը։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին և նրա թիմին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ողջ իրողությունը փոխակերպող այս արդյունքին հասնելու գործում ունեցած միջնորդական դերակատարման համար։

Սա լրջագույն գործարք է, սա հաջողություն է մեր երկրների և տարածաշրջանի համար և հաջողություն աշխարհի համար, քանի որ ավելի խաղաղ տարածաշրջանը նշանակում է ավելի անվտանգ աշխարհ։

Մեկ նախադասությամբ սա կարելի է բնութագրել հետևյալ կերպ՝ ուժ, որը հանգեցնում է խաղաղության»,- ասաց Փաշինյանը։ 

Նա նշեց. «Շնորհավորում եմ բոլորիս, նախագահ Ալիևին, մեր տարածաշրջանի երկրներին, շնորհավորում եմ աշխարհին․ սրա արդյունքում միանշանակ աշխարհն ավելի լավն է դառնալու»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ճանապարհ կհարթի հակամարտությանը վերջ դնելու համար. Փաշինյան