Դեռևս միս ու արյուն չունեցող «Թրամփի ուղու» անունն անհանգստացնող է Իրանի համար, անարժանապատիվ՝ Հայաստանի համար. Վ. Ոսկանյան
Քաղաքական
15:14 11/08/2025
Տարածաշրջան

Դեռևս միս ու արյուն չունեցող «Թրամփի ուղու» անունն անհանգստացնող է Իրանի համար, անարժանապատիվ՝ Հայաստանի համար. Վ. Ոսկանյան

«Բաքվի բռնապետը վաշինգտոնյան հռչակագրով ստացավ իր համար ցանկալի «անխոչընդոտ» ճանապարհը։ Իսկ Բաքվում «անխոչընդոտ»-ի տակ հասկանում են այսպես կոչված մայրցամաքային Ադրբեջանից դեպի Նախիջևան ՀՀ սյունիքի մարզի միջոցով կապի ապահովում, որտեղ չեն լինի ստուգումներ, մաքսային վերահսկողություն և այլն։ Այդ մասին նա բազմիցս հայտարարել է, Ադրբեջանի պետական մեենան բազմիցս շեշտել է «անխոչընդոտ» եզրույթի տակ ինչ են իրենք հասկանում, ցավալիորեն դա արձանագրվել է հռճակագրի 3-րդ կետում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ շահեցին Հայաստանն ու Ադրբեջանը  Սպիտակ տանը ստորագրված եռակողմ հռչակագրից։

Նշենք, որ Հռչակագրի 3-րդ կետը սահմանում է.

«Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։

«Հայաստանի մասով նման չափազանց բարդ ձևակերպումն ինքնին խոսում է այն մասին, որ այդտեղ խնդիր կա, և այն կարող է ունենալ պոտենցիալ ռիսկեր, այսինքն Բաքվի բարբարոսական վարչախումբը կրկին կարող է օգտագործել այդ հանգամանքը, ինչպես օգտագործում էր նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը, որտեղ առանձին հատվածով շեշտադրված էր կապի ապահովումը Բաքվի ու Նախիջևանի միջև։ Հետևաբար այստեղ ևս այդ վտանգը չեզոքացված չէ։ Եթե պատկերավոր ասենք, մենք ստացել ենք նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետ ուղղակի առանց ռուսական ներկայության, դրա փոխարեն կա ամերիկյան ներկայություն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանն այս հռչակագրից առանձնապես ձեռքբերում չունի։

Փորձագետն ընդգծեց՝ որևա պարագայում Հայաստանի տարածքում օտարերկրյա ուժերի ներկայությունը կամ օտարերկրյա կառավարումը չի կարող դիտարկվել որպես ձեռքբերում՝ լինի ԱՄՆ-ն, Ռուսաստանը, թե որևէ այլ պետություն։

«Պարադոքսներից մեկն այն է, հռչակագրի ստորագրումը պատմական իրադարձություն է ներկայացվում թե Երևանում, թե Բաքվում։ Հստակ է մի բան, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման դիմում է ներկայացվել, դա միակ հաստատագրված հանգամանքն է, որ այս հռչակագրում կա։ Հստակ է նաև, որ Ադրբեջանը կարողացել է առաջ մղել «անխոչընդոտ» սահմանումը, թե ինչ մոտեցումներ կլինեն դրա վերաբերյալ, կարծում եմ, դժվար չէ ենթադրել։ Ադրբեջանական կողմը շարունակել է առաջ մղել «միջանցքային» տրամաբանության առաջ մղումը ավելի գեղեցիկ փաթեթավորմամբ»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Իրանից հնչած հայտարարություններին, ապա Վ. Ոսկանյանն ընդգծեց, որևէ իրանցի պաշտոնյա չի կարող ողջունել ամերիկյան ներկայությունը տարածաշրջանում։

«Դեռևս միս ու արյուն չստացած, սակայն արձանագրված «Թրամփի ուղի» կոչեցյալի նույնիսկ անունը անհանգստացնող է Իրանի համար, կարծում եմ, ինչ-որ առումով անարժանապատիվ մոտեցում է նաև Հայաստանի համար։ Որևէ երկրի ղեկավարի անունով Հայաստանի տարածքում ճանապարհ կոչելը չեմ կարծում, թե Հայաստանի քաղաքացիների համար արժանապատիվ է, լինի դա Պուտինի, Թրամփի, թե որևէ այլ երկրի ղեկավարի անունով»,-նշեց Ոսկանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ ձայնագրությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder