Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից և մյուսներից պահանջում է փոխհատուցել «Մարտի 1»-ի բռնության զոհերին տրամադրված 670 մլն դրամը
Իրավունք
11:43 12/08/2025
Հայաստան

Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից և մյուսներից պահանջում է փոխհատուցել «Մարտի 1»-ի բռնության զոհերին տրամադրված 670 մլն դրամը

2008թ. նախագահական ընտրություններից հետո մարտի 1-ի բողոքի ցույցերին հաջորդած իրադարձությունների բռնության զոհերին եւ նրանց հարազատներին տրամադրված փոխհատուցման գումարը՝ 670 մլն դրամը, Գլխավոր դատախազությունը պահանջում է Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և այլ պաշտոնյաներից։

Այս մասին հայտնում է «Հետք»-ն ու մանրամասնում, որ 2025թ. օգոստոսի 11-ին Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց է հարուցել 2008թ. մարտի 1-ի դրությամբ Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի, Պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և Պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի դեմ։  Համապարտության կարգով, այսինքն՝ յուրաքանչյուրից հավասար չափով, Հայաստանի Հանրապետության կողմից հատուցված 670 մլն դրամ վնասը հետադարձ պահանջով բռնագանձելու հարց է առաջ քաշվել։

Հայցը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան և մակագրվել է դատավոր Աշխեն Ղարսլյանին։ Վարույթ ընդունելու վերաբերյալ դատարանը դեռ որոշում չի կայացրել։

Աղբյուրը հիշեցնում է, որ 2008թ. փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց իր կողմնակիցներին հավաքվել Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում` բողոք արտահայտելու ընտրական գործընթացում տեղի ունեցած խախտումների առնչությամբ։ 

Տեր-Պետրոսյանն ու իր համախոհները պնդում էին, որ ընտրություններն ազատ ու արդար չէին: 2008թ. փետրվարի 20-ից սկսած՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ամեն օր հանրահավաք էին անում, հանդիպման վայրը Ազատության հրապարակը և հարակից այգին էին:

2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան, 9-օրյա բողոքի ցույցից հետո Ազատության հրապարակում ոստիկանական գործողություն իրականացվեց, հրապարակը մաքրվեց բոլոր ցուցարարներից և փակվեց: Ցուցարարների և ոստիկանական ուժերի բախման հետևանքով զոհվեց 10 մարդ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder