Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղտեխնոլոգ. Մինսկի խումբը մահացած կառույց էր, այն արցախահայերին Արցախ չէր վերադարձնելու, հին աշխարհն այլևս չկա
Վաշինգտոնում նախաստորագրած խաղաղության համաձայնագիրը, ստորագրած հռչակագիրը չեն կարող տարածաշրջանում երաշխավորել խաղաղություն։ Panorama.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Եթե դու չունես ռազմաքաղաքական կշիռ, ուրեմն միշտ ռազմական գործողություններ կարող են սկսել, հատկապես երբ ունես մի թշնամի, որի նպատակը քեզ վերացնելն է։ Թուրանական ծրագիրը Թուրքիան իր արտաքին քաղաքականության դոկտրինից դուրս չի բերել, իսկ Հայաստանը կանգնած է հենց այդ ճանապարհին։ Բնական է, որ նա պետք է փորձի այդ ճանապարհն ինչ-որ ձևով մաքրել՝ առնվազն Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերը վերցնելով»,-մանրամասնեց քաղտեխնոլոգը։
Խաղաղությունը չերաշխավորելու հաջորդ գործոնը, ըստ Բադալյանի, այն է, որ փաստաթղթի որոշ դրույթներ հանդիպում են Իրանի կատաղի դիմադրությանը։
«Իրանը շատ լավ հասկանում է, որ թուրանական այդ աշխարհն առաջին հերթին ուղղված է ոչ այնքան Հայաստանի դեմ, որքան Իրանի։ Պատահական չէ, որ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը, դրան աջակից լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները խիստ քննադատության են ենթարկում այս համաձայնագիրը, ինչպես նաև ռուսական որոշ շրջանակներ։ Սա նշանակում է, որ այդ փաստաթուղթը չի կարող խաղաղություն բերել, քանի որ կան ուժեր, որոնք շահել են, կան ուժեր, որոնք տուժել են»,-նշեց Panorama.am-ի զրուցակիցը։
Իշխանության ներկայացուցիչները Վաշինգտոնում հռչակագրի ստորագրումը, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ներկայացնում են պատմական իրադարձություն, ի՞նչ է շահել Հայաստանը վաշինգտոնյան բանակցություններում։
«Ոչ մի բան։ Ադրբեջանը շահեց, պայմանագիր կնքեցին ամերիկյան ու ադրբեջանական նավթային ընկերությունները, Ադրբեջանը վերացրեց 907-րդ բանաձևը և հիմա կարող է զենք գնել ԱՄՆ-ից, ստացավ անխոչընդոտ ճանապարհ, ինչը նշանակում է, որ ադրբեջանական մեքենաները Զանգեզուրի միջանցքով անցնելու են՝ չհանդիպելով ՀՀ մաքսային ու սահմանապահ ծառայության աշխատակիցներին։ Բաքուն շահեց ամեն ինչ, Երևանը չշահեց ոչինչ, բացարձակապես ոչինչ»,-ասաց Բադալյանը։
Տևական ժամանակ Ադրբեջանը բարձրաձայնում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջի մասին։ Վաշինգտոնում ստորագրվեց ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը։
«Այդ կառույցը վաղուց մահացած էր, Հայաստանի լրատվական, փորձագիտական դաշտում շատ թյուր տեսակետ կա, որ եթե Մինսկի խումբը լուծարվի, ապա Արցախի հայության վերադարձ չի լինի։ Մեկը մյուսի հետ այլևս որևէ կապ չունի։ 2020-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, 2023-ին, երբ այն ամբողջությամբ հայաթափվեց, այդ պահից սկսած Մինսկի խումբն արդեն մահացած կառույց էր։ Հիմա ուղղակի, պայմանական ասած, Հայաստանն ու Ադրբեջանը դիմել են համանախագահող երկրներին, որպեսզի Մինսկի խմբի մահվան վկայականը տան։ Պետք է հասկանալ, սա արդեն ուրիշ աշխարհ է։ 2022 թվականի փետրվարի 24-ին, երբ ռուական զորքերն անցան սահմանը, հարձակվեցին Ուկրաինայի վրա, աշխարհքաղաքական համակարգը փոխվեց, Մինսկի խմբի եռանախագահներն արդեն բոլորովին հակառակ դիրքորոշումներ ունեն»,-ասաց Արմեն Բադալյանը։
Նրա խոսքով, այսօր Հայաստանի գլխավոր խնդիրը ոչ թե «Զանգեզուրի միջանցքն» է կամ արցախահայության վերադարձը, այլ իշխանափոխութունն է ու ազգային իշխանության ձևավորումը։
«Լրատվական դաշտում ողբերգական տրամադրություն է, որ ամեն ինչ վերջացավ, Արցախի էջը փակվեց։ Չէ, ոչինչ չի փակվել։ Երբ կունենանք ազգային իշխանություն, Վաշինգտոնում, թե Մոսկվայում կնքված պայմանագիրը մի կողմ կնետվի, ու այլ գործընթացներ տեղի կունենան։ Այդ պատճառով ամենագլխավոր հարցն իշխանափոխությունն է»,-ընդգծեց նա։
Քաղտեխնոլոգի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ ձայնագրությամբ։