Իրավական իմաստով խայտառակություն է․ Արամ Վարդևանյան
Իրավունք
20:08 14/08/2025
Հայաստան

Իրավական իմաստով խայտառակություն է․ Արամ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի գործով նիստն ընդմիջվել է։ Կարճ ժամանակ անց այն  կվերսկսվի։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց փաստաբան Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ այսօր, ժամը 17։00-ից  Հակակոռուպցիոն դատարանում քննվում է հայտնի գործարար, բարարեր Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Սամվել Կարապետյանն արդեն երկու ամիս գտնվում է անազատության մեջ։Նրա պաշտպանները կալանավորումը համարում են ապօրինի, քաղաքական հետապնդում, իսկ վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է որակել նրա տան կատարված խուզարկությունը, ինչպես նաև նրա ձերբակալությունը։

«Հաջորդիվ ներկայացնելու ենք մեր դիրքորոշումը, բայց նախքան այդ տեղի կունենա հարցուպատասխան ձևաչափի տրամաբանությամբ, քանի որ վարույթ իրականացնող մարմինը՝  քննիչը, ներկայացրեց միջնորդությունը։  Այդ միջնորդության վերաբերյալ, բնականաբար, ունենք հարցադրումներ։ Այսքանը, որից հետո, իհարկե, արդեն մեր դիրքորոշումը կհայտնենք»,- ասաց Վարդևանյանը։

 Փաստաբանը պնդեց, որ  խափանման միջոց կալանքը, որը արդեն 55 օրից ավելի կիրառված է,  ակնհայտ ապօրինի կերպով երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել։

«Վարույթ իրականացնող մարմինը գտնում է, որ նորից պետք է կալանքը գործի, այն պարագայում, երբ ի սկզբանե հունիսի 18-ին, երբ այս խափանման միջոցը ընտրվել էր, որն իրավական իմաստով խայտառակություն է,  հիմա այդ խայտառակության շարունակությունն է փորձ արվում իրացնել դատարան։ Մեծ հույս ունեմ, որ ի վերջո արդարությունը և իրավունքը պետք է գերակայի։ Այդ հույսս ունի իրավական հիմք։ Այն կոչվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն»,- ավելացրեց փաստաբանը։

Հարցին, թե ի՞նչ հիմնավորմամբ են կալանավորել Սամվել Կարապետյանին, Վարդևանյանն ասաց․

«Գիտե՞ք, եթե  ես այդ հիմնավորումը ունենայի, հիմա իսկապես կկարողանայի հակադարձում կատարել։ Միջնորդությունը ինքնին անհիմն է, մենք գործ ունենք այդ աստիճան ակնհայտ, անհիմն միջնորդության հետ, նույնիսկ հիմնավորումների հակափաստարկումն եմ դժվարանում ասել՝ ի՞նչն է։ Այսինքն՝  այդ աստիճան անհիմն է»,- ասաց փաստաբանը։

Արամ Վարդևանյանը նաև հայտնեց, որ  բազմաթիվ մեր հայրենակիցների աջակցությունը դասական իմաստով լսելի է։

«Այն ցանկացած անձի համար, կարծում եմ, կարևոր է հանրային աջակցությունը,  իսկ 55 օրից ավելի ապօրինի կալանավորված անձի դեպքում էլ ավելի կարևոր»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder