Սա ցուցադրական դատավարություն է․ Սամվել Կարապետյանի ամերիկացի փաստաբան
Քաղաքական
19:25 14/08/2025
Հայաստան

Սա ցուցադրական դատավարություն է․ Սամվել Կարապետյանի ամերիկացի փաստաբան

 Սա ցուցադրական դատավարություն է․ Սամվել Կարապետյանի ամերիկացի փաստաբան

 

  «Ի՞նչ է սա ասում Հայաստանի մասին, երբ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ ձեռնարկատերերից մեկը գտնվում է բանտում` անհիմն մեղադրանքների հիման վրա։ Ինչի՞ մասին է սա խոսում և ի՞նչ է սա ասում Հայաստանի և կառավարության մասին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում բարձրաձայնեց Սամվել Կարապետյանի ամերիկացի հեղինակավոր փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

Նրա գնահատմամբ՝ մեղադրանքները նույնիսկ ճիշտ ձևով չեն ներկայացվել։

«Այստեղ բոլորը գիտեն, որ իմ պաշտպանյալն անմեղ է։ Մենք բոլորս գիտենք, որ սա քաղաքական գործ է։ Մենք բոլորս գիտենք, որ սա խարան է Հայաստանի պատմության  համար։ Այսօր մենք ականատես ենք լինում այն բանին, որ թույլ կառավարությունը, իր սխալներից ու վրիպումներից շեղելու համար, հարձակվում է եկեղեցու վրա, հարձակվում է Հիսուս Քրիստոսի վրա և հարձակվում է այս անմեղ մարդու վրա։ Այսօր Հայաստանի համար ամոթալի օր է։ Այսպես չպետք է դիմավորել 21-րդ դարը, արհեստական բանականության դարը՝ վերադառնալով Ստալինի ժամանակներ, վերադառնալով ցուցադրական դատավարություններին։ Ես մարդ եմ, որը տեսել է ավելի շատ ցուցադրական դատավարություններ, քան այստեղ ցանկացածը։ Սա ցուցադրական դատավարություն է»,- ասաց նա։

Փաստաբանն այն համոզմանն է, որ ՀՀ գործող իշխանությունների կողմից սա հուսահատ քայլ է, որպեսզի շեղի ժողովրդին իր գործողություններից։

«Այն որևէ կապ չունի պարոն Կարապետյանի վարքի հետ և ամբողջովին կապված է կառավարության քաղաքական կարիքների հետ, որը ստեղծում է արհեստական ճգնաժամ՝  եկեղեցու հետ և Կարապետյանի հետ»,- ասաց ամերիկացի փաստաբանը։

Ռոբերտ Ամստերդամի փոխանցմամբ՝ կսպասեն այսօրվա  դատարանի որոշմանը,որից հետո կպլանավորեն անելիքները՝  ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder