Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
21-րդ դարում լուրջ խնդիր է առանց դասագրքի դպրոցը. Սերոբ Խաչատրյանը՝ 12 անուն դասագրքի պակասի մասին
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հրավիրված ասուլիսում հայտնեց, որ մեկնարկող ուսումնական տարում կրկին դպրոցականները չեն ունենա 12 դասագիրք։ Չի լինի «Քիմիա»՝ 10-րդ և 11-րդ դասարանների, «Կենսաբանություն»՝ 10-րդ և 11-րդ դասարանների,«Հանրահաշիվ»՝ 11-րդ դասարանի, «Ռուսերեն»՝ 11-րդ դասարանի, ՆԶՊ (Նախնական զինվորական պատրաստություն)՝ 9-րդ և 11-րդ դասարանների և «Ֆրանսերեն»՝ 5-11-րդ դասարանների դասագրքերը:
Նա հավելեց, որ ևս երկու դասարանների երկու առարկանների դասագրքեր չկան, որոնց մրցույթն արդեն հայտարարված է: Այդ դասագրքերն են 11-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի դասագիրքը և 10-11-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» դասագրքերը:
Արդեն երրորդ տարին մեկ տասնյակից ավել դասագրքերի պակասով ուսումնական գործընթացը սկսելու փաստը գնահատելու համար Panorama.am-ը դիմեց կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանին։
«Նույն խնդիրն է, որ վերջին երեք տարիներին կա, եթե առաջին տարին պատճառաբանում էին, թե նոր է, ժամանակ չկա, հիմա արդեն լուրջ հարց է, թե ինչպես է ստացվում, որ երրորդ տարում էլ էլի դասագրքեր չկան, ընդորում, որոշ առարկաների դեպքում այն արդեն երկու տարի է տևում։
Նույն «Հայոց պատմության» առարկայի դեպքում նախորդ տարի չկար 10-րդ դասարանի դասագիրքը, այս տարի էլ չկա 11-րդ դասարանինը, հայտարարվել է 12-րդ դասարանի դասագրքի մասին, բայց էդ էլ չկա։ Ստացվում է որ ավագ դպրոցի երկու դասարանները՝ 10-րդն ու 11-րդը անցնելու են հին դասագրքերով, ընդորում, չափարաշիչն էլ փոխված է։
Ինչ ասեմ, անընդունելի բան է, որովհետև դպրոցներին դասագրքերով ապահովելը նախարարության թիվ մեկ խնդիրներից է և այդտեղ ամեն ինչ պետք է արվի, մանավանդ այնպիսի առանցքային առարկաներ, ինչպիսիք են «Հայոց պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաները։ Տեսեք, խոսում ենք ԲՏՃՄ-ների մասին, բայց ասենք «Քիմիայի» և «Կենսաբանության» դասագիրք չկա։
Ընդորում, այս ամենը պետք է կանխատեսվեր, երբ որ մենք առաջին տարում կրկին չունեցանք 10-ից ավել դասագրքեր, պետք է քայլեր ձեռնարկվեին, որ հաջորդ տարի, երկու տարի հետո հանկարծ նման բան էլ չլինի, բայց, փաստորեն քայլեր չեն ձեռնարկվել, էլի նույն վիճակին ենք, էլի ունենք դասագրքերի պակաս։ 21-րդ դարում լուրջ խնդիր է առանց դասագրքի դպրոցը։