Առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ․ Փաշինյան
Քաղաքական
18:56 18/08/2025
Հայաստան

Առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ․ Փաշինյան

Թե ինչու է Նիկոլ Փաշինյանը փակել Արցախի հարցը՝ չներառելով ստորագրված համաձայանագրում, ուղիղ եթերի իր ուղերձում հստակ նշեց, որ ժողովուրդն հեղափոխություն չարեց իր՝ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու կոչից հետո, ինչը նա ընդունել է որպես համաձայնություն։

«2025 թվականի մարտին այդ առիթով հայտարարություն եմ արել Ազգային ժողովի բարձր ամբիոնից, իսկ ավելի ուշ՝ վարչապետի համար տարօրինակ կոչով դիմել եմ ժողովրդին՝ ասելով, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Ասել եմ, որ ես Հայաստանն առաջնորդելո՛ւ եմ այս ուղղությամբ՝ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ, և եթե ժողովուրդը համաձայն չէ այդ տրամաբանությանը, կոչ եմ արել հեղափոխություն անել։ Ժողովուրդը, այսինքն՝ դուք, սիրելի քաղաքացիներ, հեղափոխություն չարեցիք, որովհետև ինձ նման հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ։ Ղարաբաղի հարցը որոշ ուժեր պարզապես օգտագործում էին որպես գործիք Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականության կայացումն ու զարգացումը թույլ չտալու համար»,- հայտարարեց նա։

Ինչ վերաբերվում է  Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հարցին, ապա ըստ Փաշինյանի նրանց վերադարձի մասին նրանց պատկերացումները իրատեսական չի համարում։

«Մեկ անգամ չէ, որ հրապարակային հայտարարել եմ, որ վերադարձի մասին նրանց պատկերացումները իրատեսական չեմ համարում։Ընդհանրապես, Հայաստանում և Ադրբեջանում հակամարտության մեկնարկից ի վեր փախստական դարձած անձանց վերադարձի թեմայի երկկողմ արծարծումը համարում եմ վտանգավոր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը վնասող գործոն։ Այդ թեմաները արծարծելո՛ւ երկկողմ փորձերը հենց իրենց փախստականներին ոչինչ չեն տալու։ Իսկ պետությունների միջև դառնալու են լարվածության նոր աղբյուր։ Իմ այս պատկերացումը կիսել եմ նաև պաշտոնական Բաքվի հետ և արձանագրում եմ, որ, այո՛,դա վտանգավոր և վնասակար թեմա է նորընծա խաղաղության համար։ Իմ ընկալումն այն է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր համաձայն չեն այս ռազմավարության հետ, կամա թե ակամա, հայտնվում են կոնֆլիկտի վերակենդանացման տրամաբանության մեջ։ Շատ կոնֆլիկտներ, ներառյալ, ղարաբաղյան, սկսվել են հումանիտար, մշակութային կամ  պարզ հարցերի արծարծումով, իսկ թե ինչի՞ են վերաճել, հիշում ենք և մեր մաշկի վրա, ցավոք, զգացել ենք բոլորս։ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ապագայի մասին մեր պատկերացումը հետևյալն է՝ նրանք մեր և միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում և այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ»,- ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder