Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի նախագահը Երևան մեկնելուց առաջ հարցազրույց է տվել լրագրողներին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Մինչ Երևան մեկնելը Մասուդ Փեզեշքիանը Մեհրաբադ օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին։ Այստեղից հարևան երկիր նախագահին ճանապարհել են փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը, առաջնորդի օգնական Հոջաթոլեսլամ Մոհսեն Քոմին և մի քանի կաբինետի անդամներ։
Հայաստան այցի ընթացքում նախատեսված են բանակցություններ հայաստանցի պաշտոնյաների հետ՝ երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում նախագահը ընդգծել է, որ իր այցը Հայաստան տեղի է ունենում հարևան երկրների հետ Իրանի հարաբերությունները ամրապնդելու ավելի լայն նախաձեռնության շրջանակներում։
IRNA-ի փոխանցմամբ, Իրանի նախագահը Հայաստանը բնութագրել է որպես «բարեկամ և հարևան», որի հետ Իրանն ունի «ռազմավարական հարաբերություններ»։
Նա նշել է, որ Թեհրանը մշտապես ձգտել է պահպանել ամուր քաղաքական, սոցիալական, մշակութային և տնտեսական համագործակցություն Երևանի հետ։ Երկու կողմերի միջև արդեն ստորագրվել են մի քանի համաձայնագրեր, որոնք նպաստում են երկկողմ համագործակցությանը, սակայն այս այցը նպատակ ունի արագացնել և առաջ մղել այդ պարտավորությունների կատարումը։