Ավինյանի իմացությամբ Կոնսերվատորիայի դիմացի այգու 50 տարեկան ծառերը համատարած չորանում են
Հասարակություն
14:37 19/08/2025
Հայաստան

Ավինյանի իմացությամբ Կոնսերվատորիայի դիմացի այգու 50 տարեկան ծառերը համատարած չորանում են

Panorama.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին հայտնեց, որ  իր կողմից բերած ռետինե խողովակներով Կոմիտասի արձանի ցայթաղբյուրից ջրում է Կոնսերվատորիայի դիմացի այգու չորացող ծառերը։ Քաղաքացին տարակուսեց, որ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի աշխատակիցները երկար ռետինե խողովակներով ջրում են փողոցի ծառերը բայց չեն ջրում մի քանի մետ այն կողմ այգու չորացող ծառերը, պատճառաբանելով, թե մասնավոր տարածք է և վարձակալը կարող է բողոքել, թե ինչու են ջրում իր տարածքի ծառերը։

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել էր խնդրին՝ հիշեցնելով, որ կոնսերվատորիայի դիմացի այգին երկարաժամկետ վարձակալության է տրված և քաղաքապետարանը դատական գործընթաց  է սկսել վարձակալի դեմ։

«Փաստացի այդ դատական պրոցեսների շատ ձգձգումները բերում են մի պրոցեսի, որ  այգիները սկսում են չորանալ։ Ես վստահ չեմ, թե մենք հետագայում վարձակալից համապատասխան կոմպենսացիան կկարողանանք ստանալ, նույն տրամաբանությամբ, երբ  այդ ամբողջ այգին վերանա։ Հետևաբար, պարո՛ն Բեգոյան, անկախ նրանցի թե այգին վարձակալած է, թե ոչ գնացեք ջրեք այն, որովհետև հետո ուղղակի մենք ենք պատասխան տալու։

Ավինյանը խոսեց նաև դավթաշենի այգու մասին, որը նույնպես չորանում է վարձակալի կողմից կառուցած ոռոգման համակարգի խնդիրների պատճառով։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը վստահեցրեց, թե նման խնամքի աշխատանքներ չեն իրականացնում, բայց իրենց խիղճն էլ չի տանում և շաբաթը մեկ, 10 օրը մեկ ջրցան մեքենաներով կոնսերվատորիայի այգում միայն ծառերը ջրում են, որպեսզի կարողանան փրկել։

 «Ամեն կերպ պայքարում են, որ այդ այգին մնա իրենց մոտ, որ չորացնե՞ն այն, էդ է՞ իրենց նպատակը, եթե դա է, ապա մի հատ էլ իրավական հետևանք պետք է ունենա իրենց համար չհետևելը, որովհետև այն քաղաքին ուղիղ հասցված վնաս է։ Նրանք վնասում են մեզ, երևանցիներին, Երևան քաղաքին և իրենք պետք է պատժվեն։ Իսկ դուք գնացեք ջրեք»։

Ավինյանի այդ հանձնարարականից երկու շաբաթ անց Panorama.am-ի լրագրողն այցելեց Կոնսերվատորիայի դիմացի այգին և զրուցեց այնտեղ գնտվող քաղաքացիների հետ։

«Անընդհատ զանգահարում եմ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, մեր 50 տարեկան ծառերը չորանում են, էն մի ծառն էլ ընկել է, մյուս ծառն է պահում, բայց արձագանք չկա»,-հայտնեց Panorama.am-ի զրուցակիցը։

 Մյուս քաղաքացին հավելեց. «Փոքր կենցաղային հարցերը չեն լուծվում, ինչպես կարող են մեծ հարցեր լուծվել։ Տեսեք ծառն ընկնում է, կարող է ձեր վրա ընկնի»։

«Բոլոր ծառերը չորանում են, որ տեր լինի՝ նման բան կլինի՞։ Սա Երևանի կենտրոնում է, քաղաքի սրտի մեջ, այստեղ տուրիստ է գալիս, ուզում է Կոմիտասի արձանի հետ նկարվի այս հողերի մեջ։ Որ հատուկ ծրագիր լիներ, հնարավոր չէր լինի նման բան անել»,- ահազանգեց քաղաքացին։

Ոլորտի մասնագետների գնահատմամբ, եթե ծառերը թեկուզ 10 օրը մեկ ջրվեին, ինչպես Արմեն Բեգոյանն էր վստահեցնում, ապա ծառերը նման տեսք չէին ունենա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder