Փաշինյանը ընդդիմությանը ասում է նույն բանը, ինչ ընդդիմությունը՝ հանրությանը
Քաղաքական
13:15 19/08/2025

Փաշինյանը ընդդիմությանը ասում է նույն բանը, ինչ ընդդիմությունը՝ հանրությանը

Հիշում եք հաստատ ինչ պատասխանատվության տակ ընկանք, երբ ընդդիմությունը (ես միասնական գրեմ, դուք հատ-հատ պատկերացրեք) 21-ին Փաշինյանի վերարտադրվելու մեղքը դրեց ամբողջ հանրության վրա։ Թե՝ մենք մարզերով գնացինք՝ գնացինք, հրապարակներում հավաքվեցիք՝ հավաքվեցինք, բարձրախոսներով խոսեցինք՝ խոսեցինք, հայրենասիրական երգեր դրեցինք՝ դրեցինք, նիկոլին բան ասացի՞նք՝ ասացինք, հավատացրի՞նք, որ կկրենք՝ այո... իսկ դուք գնացիք, նիկոլ ընտրեցիք։

Ուրեմն դա է ձեր ընտրությունը, մենք ինչ անենք, ուրեմն մեղավորը դուք եք, որ նիկոլի տակ եք մնացել։

Երեկ Փաշինյանը նույն բանը, ոչ այսքան երկար, ասաց ընդդիմությանը։ Բա թե՝ համաձայն չէիք իմ արածների հետ, բա հեղափոխություն անեիք։ Չե՞ք արել, ուրեմն լրիվ ներդաշնակ եք ինձ հետ։

Սա է։

Փաշինյանը հեղափոխություն էլ չէ, երեխաներին սայլակներով խաղաղ ցույցի եկած կանանց վրա լուսաձայնային նռնակներ նետել տվեց, եղան վիրավորներ,... պատկերացնու՞ եք ինչ կանի, եթե հեղափոխության համար դուրս գան մարդիկ։

Ցավալիորեն Փաշինյանի ահաբեկման ծրագրերը աշխատում են։ Մարտի 1-ինն էլ, հունիսի 12-ինն էլ, Ալիևի հետ Արցախում կազմակերպածն էլ։

Ընդդիմությունը մարդկանց կանչում է փողոց, հետո տեսնում է քանակը շատ է, վախենում է, ուղարկում է տներով, իսկ իր աշխատող ու արդյունավետ ռազմավարություն չունենալը արդարացնում է, թե՝ քիչ մարդ էր փողոց դուրս եկել, կամ՝ շուտ գնացիք տներով։

Փաշինյանն էլ նռնակները, դիպուկահարներին, ոստիկաններին ու դատարանները պատրաստ պահած՝ ձեռ է առնում, թե՝ չե՞ք անում հեղափոխություն, ընդդիմություն, ուրեմն համաձայն եք հետս, ինչ եք ձևեր թափում։

Արդար լինելու համար ասենք, որ հանրությունն էլ է կասկածում ընդդիմությանը հեղափոխության հավես չունենալու մեջ։ Հայ հեղափոխությու՜ն, հայ հեռակա ծրագրե՜ր, հայ իշխանափոխությու՜ն, հայ նիկոլի հետևանքների ժառանգու՜մ... Գնդակ է, տշում ենք, էլի, չեմպիոնների լիգան որն է։

Անահիտ Ոսկանյան  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder