Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նինա Կարապետյանցը դադարեցնում է իրավապաշտպան գործունեությունն ու «Նժար»-ով մասնակցելու է ընտրություններին
«Շուրջ 25 տարի ես զբաղվել եմ իրավապաշտպան գործունեությամբ, սկսել եմ կամավորից, դարձել փորձագետ, ապա ղեկավարել լուրջ կազմակերպություն։ Այսօր ես ինձ համար շատ ծանր ու դժվար որոշում եմ կայացրել՝ դադարեցնել իրավապաշտպա գործունեությունը»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:
Նրա խոսքով, այսօր Հայաստանում քաղհասարակությունը լայն իմաստով, իրավապաշտպանությունը շատ լուրջ հետընթաց են ապրել։
«Ես կասեի մենք կազմքանդման իրավիճակում ենք գտնվում, դա վերաբերում է ոչ միայն պետական ինստիտուտներին, այլև քաղհասարակությանը, առանց որի հնարավոր չէ կառուցել պետություն, պետականություն, ժողովրդավարություն, առանց որի հնարավոր չէ պատկերացնել արդյունավետ կառավարում»,-ասաց Կարապետյանցը։
Իր համախոհների հետ նա հիմնադրել է ՆԺԱՐ սահմանադրական շարժումը։ Այն նախընտրական քաղաքական հայտ է ներկայացնում ու պատրաստվում է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին:
Շարժման համահիմնադիր, ձեռնարկատեր Արտաշես Իկոնոմովն ասաց՝ արձանագրում են, որ ՀՀ-ում ոչ միայն կառավարման, այլև իրավական, սահմանադրական կարգի համակարգային քայքայման գործընթաց է, ու այդ ճգնաժամի արմատներն ավելի խորն են, քան վերջին 3 տասնամյակները։
«Դրանք պայմանավորված են պետականության հիմքում իսկական ազգային ինքնորոշման բացակայությամբ: Անկախությունից ի վեր իրավունքի գերակայությունը զոհաբերվել է քաղաքական նպատակահարմարությանը, իսկ սահմանադրությունները դիտարկվել են որպես գործիք իշխանությունը պահպանելու համար»,-շարժման հայտարարությունն ընթերցեց Իկոնոմովը՝ նշելով, որ շարժումը ստեղծել են առկա խնդիրներին համակարգային լուծումներ տալու համար, իրենք գալիս են ոչ թե բաժանելու, այլ միավորելու, ոչ թե վրեժխնդրության, այլ արդարության հաստատման, մարդու ազատության, պատասխանատվության և արժանապատվության վրա հիմնված պետություն կերտելու նպատակով։
Շարժման համահիմնադիր Գարեգին Միսկարյանը կարծիք հայտնեց՝ գտել են բանալին, որը կհամախմբի մեր հասարակությանը։
«Եթե շատ պարզ ասեմ, դա ինքնորոշման գաղափարն է»,-ասաց նա։