Ռուբեն Հակոբյանն ունի առողջական լուրջ խնդիրներ. Գառնիկ Դանիելյան
Քաղաքական
11:53 22/08/2025
Հայաստան

Ռուբեն Հակոբյանն ունի առողջական լուրջ խնդիրներ. Գառնիկ Դանիելյան

«Ռուբեն Հակոբյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ»,-ահազանգում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ 

Նա իր գործընկեր Ագնեսա Խամոյանի հետ այցելել է ապօրինաբար ազատազրկված Ռուբեն Հակոբյանին.

«Ռուբենը եղել է Ազգային ժողովի 1-ին, 2-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոս: Մշտապես ընդդիմադիր հայացքներ ունեցող, սուր քննադատությամբ աչքի ընկնող հասարակական, քաղաքական գործիչը հալածանքների է ենթարկվում սրանց իշխանության օրոք՝ իր տեսակետն արտահայտելու, ստեղծված իրավիճակին չհաշտվելու համար:

Հիշեցնեմ, որ Ռուբեն Հակոբյանին մեղադրանք են առաջադրել և կալանավորել՝ հեռուստաընկերություններից մեկի հաղորդման յութուբյան ալիքում հրապարակված՝ «Պետք է մտնել, ականջներից բռնել և դուրս շպրտել» վերնագրով թողարկման ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հրաժարականը պահանջելու համար:

Այս դեպքում ևս որպես խափանման միջոց կիրառվեց կալանքը: Գաղտնիք չէ, որ որպես խափանման միջոց կալանավորման կիրառումն այս իշխանությունների օրոք դարձել է արատավոր պրակտիկա: Ռուբեն Հակոբյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ: Այս ընթացքում վատթարացել է վերջինիս առողջական դրությունը, մեկ անգամ տեղափոխվել է բժշկական հաստատություն: Մտահոգիչ են նաև պահման պայմանները:

Օգոստոսի 27-ին՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է Ռուբենի խափանման միջոցի փոփոխման հարցը (դատավոր՝ Դավիթ Արղամանյան): Լիահույս եմ, որ հաշվի կառնվեն Ռուբեն Հակոբյանի՝ քաղաքականության մեջ ունեցած ներդրումն ու առողջական լրջագույն խնդիրները: Այս օրերին ընթանում են նաև Սրբազան պայքարի մեր ընկերների դատավարությունները: Ազատությու’ն Ռուբեն Հակոբյանին, ազատությու’ն բոլոր քաղբանտարկյալներին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder