Այս տարվա 6 ամսում 9 պաշտոնյա, 165 զինծառայող է դատապարտվել
Իրավունք
22:09 23/08/2025
Հայաստան

Այս տարվա 6 ամսում 9 պաշտոնյա, 165 զինծառայող է դատապարտվել

Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանում դատական պատասխանատվության է ենթարկվել 3 335 մարդ։ Panorama.am-ին ԱՎԿ տրամադրած տվյալների համաձայն, նրանցից 23-ը մինչև 18 տարեկան են։ Դատապարտվածների թվում 9 պաշտոնյաներ կան, 165 զինծառայողներ։  Դատական պատասխանատվության եթարկվածների գերիշխող մասը՝ 2 648-ը չաշխատող ու չսովորող աշխատունակ քաղաքացիներն են։

Նշենք, որ այս ընթացքում 11 անձ արդարացվել է, 26 անձի նկատմամբ, մեղսունակության վերդիկտի հիման վրա, դատարանը կայացրել է բժշկական հարկադրանքի դատավճիռ:  Դատապարտվածների ընդհանուր թվաքանակից 329-ի (նրանցից 9 անչափահասի) նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել։

Առավել մեծ թվով մարդիկ՝  2 427 անձ դատապարտվել է երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործությունների համար, 251 մարդ դատապարտվել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործությունների համար։

121 մարդ դատապարտվել է կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների համար, 110 մարդ՝ ազատության, պատվի, արժանապատվության, ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder