Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տուժածի կյանքին վտանգ չի սպառնում. Ենոքավանի «Յելլ Էքստրիմ Պարկ»-ի պարզաբանումը՝ դեպքի վերաբերյալ
Ենոքավանի «Յելլ Էքստրիմ Պարկ»-ը պարզաբանում է տարածել երեկ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ.
«1. Քաղաքացին ընկել է ոչ թե Զիփլայնից, այլ Ռոլլեր լայնից, որը գետնից բարձր է 3-4 մետր։
2. Ընկերությունը դեպքի առաջին իսկ պահից եղել է տուժածի կողքին։ Անմիջապես կանչվել է շտապօգնություն, և տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կատարվել են անհրաժեշտ բուժզննումներ։ Այնուհետև նա տեղափոխվել է Երևան՝ հետագա հետազոտությունների իրականացման և բուժում ստանալու նպատակով։
3. Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա ստացել է ոտքի կոտրվածք և ներկայումս գտնվում է հիվանդանոցում, որտեղ ներկա են նաև ընկերության ներկայացուցիչները։
4. Ընկերությունում սկսվել է ներքին հետաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։
5. Դեպքից անմիջապես հետո դադարեցվել են Ռոլլեր լայնով թռիչքները։
6. Ռոլլեր լայնը անցել է համապատասխան փորձաքննությունը և գրանցված է սահմանված կարգով՝ համապատասխան ՆԳՆ Փրկարար ծառայության վտանգավոր օբյեկտների ռեեստր։
7. Յելլ Էքստրիմ Պարկում առկա են շահագործման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
8. Աշխատակիցները անցել են համապատասխան հրահանգավորում և վերապատրաստում, որի ընթացքում նրանց ներկայացվել են անվտանգության կանոնները։ Ներկայացված տեղեկատվությունը հաստատվել է աշխատակիցների կողմից ստորագրությամբ»։
Հիշեցնենք, որ երեկ ՆԳՆ փրկարար ծռայությունից հայտնել էին. «Օգոստոսի 24-ին, ժամը 16։58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի զիփլայնից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարար ծառայթության հաղորդմամբ, պարզվել է, որ քաղաքացին ընկել է զիփլայնի հարթակից՝ մոտ 3 մ բարձրությունից։
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն»։