Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքի 35-ամյա բնակիչը Երասխահուն բնակավայրում գտնվող իր հողամասում կանեփի բույսեր է աճեցնում և պահում թմրամիջոց։
Ոստիկանությունը հայտնում է, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդու հողամասի զննությամբ հայտնաբերվել են կանեփի թփեր, իսկ բակում՝ մոտ 36 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։
35-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է Արմավիրի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել նախաքննական մարմին։
Նաև հայտնում են, որ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Բուռնազյան փողոցի մի բնակիչ տանն ապօրինի պահում, պատրաստում և իրացնում է թմրամիջոց:
Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց, և օգոստոսի 20-ին` ժամը 19.30-ին, իր բնակության վայրի մոտ 63-ամյա տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեցին լուսային հատուկ սարքավորումներ, օդափոխության համակարգեր, օդի ջերմաստիճանի կարգավորիչներ ու ցուցիչներ, էլեկտրական կշեռքներ, զիպ փականով տոպրակներ, նաև` կանեփի բույսեր ու մարիխուանայի նմանվող ընդհանուր վեց կիլոգրամ 320 գրամ զանգված:
Բացահայտման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է շուրջ 127 միլիոն դրամի թմրանյութ:
Տղամարդը կալանավորվել է, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
`