Ալիևը փաստացի կրկնել է Փաշինյանի միտքը․ Սուրենյանց
Քաղաքական
21:59 26/08/2025
Հայաստան

Ալիևը փաստացի կրկնել է Փաշինյանի միտքը․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Ալիևը փաստացի կրկնել է Փաշինյանի միտքը 

Ալիևի «հայ հասարակությունը հիվանդ է» արտահայտությունը պատահական չի հնչել։ 

Փաստացի, նա կրկնում է այն, ինչ արդեն երկար ժամանակ ներսից քարոզում է Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչապետը հետևողականորեն պնդում է, թե հայ ժողովրդի «հայրենասիրական մոդելը» պարտադրված է եղել ԽՍՀՄ կողմից, իսկ Ղարաբաղյան շարժումը օտարների մանիպուլյացիայի հետևանք էէ։ 

Այս մոտեցմամբ համազգային շարժումը ներկայացվում է որպես պատմական «սխալ»։ 

Ալիևի հռետորաբանությունը դառնում է այս նարատիվի տրամաբանական շարունակությունը․ եթե Հայաստանի ղեկավարն ինքն է հայտարարում, որ ժողովուրդն ապականված է «կեղծ հայրենասիրությամբ», ապա թշնամուն մնում է միայն դա վերածել զենքի՝ միջազգային լսարանին համոզելու համար, թե հայերն «ինքնությամբ խեղված» ազգ են։ 

Արդյունքում Փաշինյանի ներսից հնչող թեզերն ու Ալիևի դրսից հնչեցրած վիրավորանքները նույն գծի մեջ են․ առաջինը քայքայում է ազգային ինքնագիտակցությունը ներսում, երկրորդը՝ ամրապնդում դրա կործանարար ընկալումը դրսում։ 

Ալիևի և Փաշինյանի մոտեցումները գործնականում միմյանց փոխլրացնում են․ մեկը դա օգտագործում է արտաքին քաղաքական ճնշման և նվաստացման համար, մյուսը՝ ներքին քաղաքական ինքնարդարացման ու անցյալից «հեռանալու» համար։ 

Արդյունքում հայ հասարակությունն օբյեկտիվորեն դառնում է թիրախ թե՛ արտաքին, թե՛ ներքին քննադատության՝ որպես «սխալ մտածող»։ 

Հետևաբար կարելի է ասել, որ Ալիևի հայտարարությունը ոչ միայն բխում է, այլ նաև ամրապնդվում է Փաշինյանի գնահատականներից։ Դա վտանգավոր է, քանի որ իշխանության ներսից ձևավորված նարատիվը դառնում է հակառակորդի համար գործիք»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder