Ապացույցները ձեռք են բերվել օրենքի խախտումներով, Սերժ Սարգսյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը միջնորդում եմ դադարեցնել. Պաշտպան
Իրավունք
16:45 26/08/2025
Հայաստան

Ապացույցները ձեռք են բերվել օրենքի խախտումներով, Սերժ Սարգսյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը միջնորդում եմ դադարեցնել. Պաշտպան

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատավարությունը։ Դատավոր Արամ Գրիգորյանը հայտարարեց, որ դատարանն անցնում է քրեական հետպանդումը դադարեցնելու և վարույթը կարճելու հարցի քննարկմանը։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ  պաշտպանության կողմը ծանոթանալով վարույթի նյութերին՝ արձանագրել է՝ քրեական գործով միջնորդական վարույթը կատարվել է  դատավարական օրենքի էական խախտումներով, ուստի ստեղծված փաստաիրավական վիճակը հիմք է հանդիսանում սույն փուլում Ս. Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու։

Նա նշեց, որ ապացույցները ձեռք են բերվել օրենքի խախտումներով, չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում, չեն կարող օգտագործվել որպես ապացույց։

«Միջնորդում եմ անթույլատրելի ճանաչել քրեական վարույթը, ձեռք բերած բոլոր ապացույցները ու դադարեցնել Սերժ Սարգսյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը»,- ասաց Մակինյանը։ 

Մեղադրող դատախազը դեմ  արտահայտվեց միջնորդության քննարկմանը. «Միջնորդությունն այս փուլում ենթակա է մերժման, քանի որ պատշաճ փուլում չի ներկայացվել»։  

Դատավոր Գրիգորյանը հայտարարեց, որ դատարանը քննարկելով Ա. Մակինյանի միջնորդությունը՝ քրեական գործով  ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի ճանաչելու և Սերժ Սարգսյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որոշեց մերժել։ 

Սերժ Սարգսյանին  մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին. խոսքը հողերի օտարման մասին է։

Հիշեցնենք, որ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ապացույցները ձեռք են բերվել օրենքի խախտումներով, Սերժ Սարգսյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը միջնորդում եմ դադարեցնել. Պաշտպան