Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Ո՞րն է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի կառուցապատող ընկերությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ Երևանի քաղաքային իշխանությունները և Կառավարության ներկայացուցիչները ներկա գտնվեցինԱլբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը։ Այս շինարարության համար Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 4 մլրդ 750 մլն դրամ, որը ներառում է 1-ին և 2-րդ փուլի աշխատանքները։ Կառուցումից՝ 1969 թվականից մինչև օրս, Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը երբևէ չի հիմնանորոգվել: Այն ներկայում գտնվում է Մոսկովյան 3 հասցեում։
Թվում է, թե այո, բացասական ոչինչ չկա, մարզադպրոց է նորոգվում. սակայն հետաքրքիրը ոչ թե հենց մարզադպրոցն է, այլ այն, թե որն է դրա կառուցապատող ընկերությունը։ Պարզվում է՝ 4 մլրդ 750 մլն դրամի պայմանագիրը կնքվել է «Զովեր քնսթրաքշն» ՍՊ ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև։
«Զովեր քնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ կապվող անձինք 2023 թվականի հուլիսի 31-ին կլորիկ գումարներ են նվիրաբերել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած՝ Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի դրամահավաք-երեկոյին։
Ինչպես infocom.am-ը գրել էր՝ բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարությամբ զբաղվող «Զովեր քնսթրաքշն» ՍՊԸ-ի բաժնետերեր Վարդան Խաչատրյանը, Արտակ Խաչատրյանը և Արա Ավետիսյանը ՔՊ դրամահավաքին նվիրաբերել են 100-հազարական դրամ։ Արտակ և Վարդան Խաչատրյանների հետ մեկ այլ՝ «Միլկ պրոդուկտ» ՍՊԸ-ի բաժնետեր Վահան Մկրտչյանը փոխանցել է 50 հազար դրամ։ «Զովեր քնսթրաքշնի» հետ փոխկապակցված «Զովեր սթաֆֆ» ընկերության տնօրեն Հակոբ Հակոբյանը նվիրաբերել է 2.5 մլն դրամ։ Նույնքան նվիրատվություն է կատարել նաև «Զովեր քնսթրաքշն» ընկերության տնօրեն Արմեն Ղազարյանը։
Այսինքն՝ կառուցապատման շինարարական մրցույթները շահած ընկերությունները, որոնք երկար ժամանակ կառուցում, ժամկետներ են խախտում և մնում անպատիժ, պատահական ընկերություններ չեն։
Հարկ է նշել, որ 2023 թվականի մարտի 30-ի նիստին Կառավարությունը որոշել է «Հրազդան» մարզահամալիրին սեփականության իրավունքով պատկանող հողամասը նվիրաբերել Երևան համայնքին՝ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման նպատակով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։