Սյունիքում նվազել են մահվան ելքով վթարները
Իրավունք
18:10 27/08/2025
Հայաստան

Սյունիքում նվազել են մահվան ելքով վթարները

Օգոստոսի 10-ից 11-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն եղել է Սյունիքի մարզում՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Արփինե Սարգսյանը պարեկներին հանձնարարել է և՛ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով, և՛ հանցավորության դեմ պայքարում ծառայությունը շարունակել նույն հետևողականությամբ։

ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա էին ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը՝ ընդգծելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերելի հանցագործությունների թիվը 158-ով նվազել է։

Ընդհանուր պատկերում՝ առավելապես նվազել են առանձնապես ծանր հանցանքները, այդ թվում՝ սպանության ու սպանության փորձի դեպքերը, ինչպես նաև հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները։ Աճել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններն ու համակարգչային հափշտակությունները։ Միևնույն ժամանակ էականորեն աճել են իրացման նպատակով ապօրինի թմրաշրջանառության բացահայտումները։

Զեկույցներով հանդես են եկել նաև Համայնքային ոստիկանության Սյունիքի մարզի բաժինների ղեկավարները։

Կապանի բաժնում գրանցվել է 236 դեպք, բացահայտվել՝ 201-ը։ Նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ բնակչության առողջության դեմ ուղղվածները, ինչը պայմանավորված է լատենտային համարվող ապօրինի թմրաշրջանառության բացահայտումների աճով։ Էական աճ է արձանագրվել նաև ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման մասով։ Կապանի բաժնի սպասարկման տարածքում նվազել են ընտանեկան բռնության դեպքերը։

Հաշվետու ժամանակահատվածում Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնում գրանցված 184 հանցանքից բացահայտվել է 139-ը։ Մարդու դեմ ուղղված հանցանքները Գորիսում ևս նվազել են, իսկ սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղվածներն՝ աճել։ Գորիսի համայնքային ոստիկանները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բացահայտել են ավելի շատ ապօրինի թմրաշրջանառության դեպքեր, հայտնաբերել ավելի շատ ապօրինի պահվող զենք-զինամթերք։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման առումով նվազում է արձանագրվել Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնում։ Հաշվետու ժամանակահատվածում բաժնի սպասարկման տարածքում անչափահասի կողմից հանցանքի դեպք չի արձանագրվել։ Միևնույն ժամանակ աճել են ընտանեկան բռնության դեպքերը։ Հաշվառվել է 3 բռնարար։ Նվազել են մարդու և սեփականության դեմ ուղղված հանցանքները։

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում գրանցված 67 դեպքից բացահայտվել է 52-ը։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ բաժնի սպասարկման տարածքում կատարված հանցագործությունների թիվը նվազել է 31-ով։ Նվազում արձանագրվել է գրեթե բոլոր ուղղություններով։ Սիսիանի համայնքային ոստիկանները բացահայտել են առավել շատ ապօրինի թմրաշրջանառության դեպքեր՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ։

Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակը հաշվետու կիսամյակում սպասարկել է 3942 ահազանգ՝ 793-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տարբեր վարչական իրավախախտումների փաստերով Սյունիքի պարեկները կազմել են ընդհանուր 22․967 արձանագրություն՝ 837-ով ավելի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է ոչ սթափ 410 վարորդ։ Բացի այդ, Սյունիքի պարեկները բացահայտել են 148 հանցանք, այդ թվում՝ 16 ապօրինի թմրաշրջանառության, 4՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, 3՝ խուլիգանության դեպք։

Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ այս տարի Սյունիքում նվազել են մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարները, մասնավորապես զոհերի թիվը նվազել է 16-ով։
 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder