Հակաեկեղեցական պայքարի պիկը հենց հոկտեմբեր-նոյեմբերին կարող է ծառայեցվել որպես ընտրական տեխնոլոգիա. Քաղաքագետ
Քաղաքական
07:51 29/08/2025
Հայաստան

Հակաեկեղեցական պայքարի պիկը հենց հոկտեմբեր-նոյեմբերին կարող է ծառայեցվել որպես ընտրական տեխնոլոգիա. Քաղաքագետ

«Սա ուղիղ հակասահմանադրական մոտեցում է․ պետությունն ու եկեղեցին Հայաստանում տարանջատված են, իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սահմանադրությամբ ճանաչված է որպես ազգային եկեղեցի՝ իր բացառիկ առաքելությամբ»,- նշում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ՝ «իմ դիրքորոշումները Եկեղեցու վերաբերյալ որևէ փոփոխություն չեն կրել և չեն կարող կրել։ Կտրիճ Ներսիսյանը պետք է վեհարանից հեռանա»։ 

Ըստ նրա, վարչապետի միջամտությունը եկեղեցական կառավարման հարցերին ոտնահարում է այդ սկզբունքները և վտանգում պետական ու հոգևոր ինստիտուտների միջև սահմանագիծը։ 

«Միաժամանակ Փաշինյանը հայտարարում է Վաղարշապատում նախատեսվող հանրահավաքի մասին։ 

Չի կարելի անտեսել, որ նույն քաղաքում նոյեմբերի 16-ին նշանակված են ավագանու արտահերթ ընտրություններ։ 

Սա հիմք է ենթադրելու, որ հակաեկեղեցական պայքարի պիկը հենց հոկտեմբեր- նոյեմբերին կարող է ծառայեցվել նաև որպես ընտրական տեխնոլոգիա՝ վարչական ռեսուրսի մոբիլիզացիայի համար։ 

Սա, իհարկե, վարկած է, բայց լիովին տեղավորվում է գործող իշխանության հայտնի գործելակերպի տրամաբանության մեջ։ 

 Հաշվի առնելով այս հանգամանքները՝ առավել քան երբևէ կարևոր է ընդդիմության կոնսոլիդացված մասնակցությունը Վաղարշապատի ընտրություններին։ 

Սա ոչ միայն տեղական քաղաքական գործընթաց է, այլև համազգային խնդիր՝ Եկեղեցու պաշտպանությամբ և սահմանադրական արժեքների պահպանության օրակարգով»,- գրել է Ս. Սուրենյանցը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder