Բարձրաստիճան զինվորականի կողմից դրսևորած հիվանդության սիմուլյացիան հանգեցրել է 44-օրյա պատերազմի ժամանակ իր՝ պաշտոնից բխող պարտականությունների կատարումը դադարեցնելուն
Իրավունք
13:42 29/08/2025
Հայաստան

Բարձրաստիճան զինվորականի կողմից դրսևորած հիվանդության սիմուլյացիան հանգեցրել է 44-օրյա պատերազմի ժամանակ իր՝ պաշտոնից բխող պարտականությունների կատարումը դադարեցնելուն

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Ռ.Հ-ն, հայտարարված ռազմական դրության ժամանակ, դիտավորություն ունենալով խուսափել մարտական գործողությունների ժամանակ իր պաշտոնից բխող պարտականությունների կատարումից, որոշել է հիվանդության սիմուլյացիայի եղանակով դադարեցնել զինվորական ծառայության պարտականությունների կատարումը։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, մասնավորապես՝ Ռ․Հ-ն առանց վերադաս հրամանատարությանը տեղեկացնելու, մեկնել է զինհոսպիտալ, որտեղ ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ, ինչպես նաև իրականում գոյություն չունեցող գանգատներ, ինչի արդյունքում նախնական ախտորոշմամբ ընդունվել է ստացիոնար բուժման։

Այսպիսով, Ռ.Հ-ի կողմից դրսևորած հիվանդության սիմուլյացիան հանգեցրել է վերջինիս կողմից ժամանակավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 16-ը, զինվորական ծառայության առանձին՝ իր պաշտոնից բխող պարտականությունների կատարումը դադարեցնելուն:

Ռ.Հ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 3-րդ մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder