Քաղաքացիները պահանջում են՝ հիմնադրել Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը
Մշակույթ
15:42 30/08/2025
Հայաստան

Քաղաքացիները պահանջում են՝ հիմնադրել Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը

Համացանցում քաղաքացիները հանդես են եկել Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ հիմնադրման հետ կապված պահանջով՝ նշելով, որ  հայ ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս, ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, հայ նոր ճարտարապետության հիմնադիրը, նաև՝ Երևանի հիմնադիրն  արժանի է Երևանում ունենալ իր անկյունը՝ թանգարանի տեսքով։ Այս հարցն արդեն ավելի քան 2,5 տարի  բարձրաձայնվում է, սակայն դեռևս այսպես ասած՝ սայլը տեղից չի շարժվում։ Քննարկումներ եղել են,  նույնիսկ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, սակայն գործնականում շոշափելի որևէ արդյունք չկա։  Երևանի ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ պատրաստվում է ևս մեկ անգամ ավագանու նիստի ընթացքում բարձրաձայնել հարցը՝ ակնկալելով, որ մինչև Թամանյանի 150-ամյակը Երևանում կհիմնվի նրա թանգարան-ինստիտուտը։

«Մենք թանգարան-ինստիտուտի վայրը չենք ցուցել, պարզապես ասել եմ, որ կան տարբեր կառույցներ, որոնք չեն գործում և կարելի է ուղղել այս նպատակին։ Օրինակ՝ Կասկադի աջ հատվածում կա տարածք, ինչը տրամաբանական վայր է, քանի որ փողոցն է Թամանյանի անվան, հետևապես լավ կլիներ՝ թանգարանը ևս լիներ այնտեղ։ Սա եղել է նաև Թամանյանի թոռան առաջարկը, որը ներկայացվել է քաղաքային իշխանությանը»,- ասաց Վարդանյանը։

Նա նշեց, որ այս հարցը վերջնական լուծում չի ստանում,անընդհատ ձգձգվում է։

«Այն տարածում, որտեղ նախկինում եղել է Թամանյանի թանգարանը, հիմա Ճարտարապետության թանգարանն է։ Կարծում եմ, եթե պնդենք և քաղաքային իշխանությունն ինչ-որ ձևով աջակցի,ապա  կարելի է նորից հիմնել Թամանյանի թանգարանը։ Այս վայրը տրամաբանական կլինի, քանի որ  Ճարտարապետության թանգարանի հակառակ կողմից տարիներ շարունակ  պատի վրա կա քանդակ առ այն, որ այստեղ Թամանյանի թանգարանն է»։

Վարդանյանն ընդգծեց, որ Թամանյանի թոռան՝ Գագիկ Թամանյանի և Տիգրան Ավինյանի միջև հանդիպում եղել է, որի ընթացքում ասվել է՝ բերեք ցույց տվեք,թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը գնում։

«Այնտեղ հազարավոր փաստաթղթեր են, թանգարանային մեծ արժեք ներկայացնող ցուցանմուշներ՝Երևանի և,առհասարակ, բոլորիս համար։ Այսինքն՝ մենք անըդհատ աշխատում ենք այս հարցի շուրջ, սակայն վերջնարդյունք չենք կարողանում ձևավորել, թեև հարցը շատ կարևոր է և պետք է օր առաջ այս թանգարանը լինի։ Չի կարելի թողնել, որ  Թամանյանի կողմից  այդքան ջանք ներդրված քաղաքում իր թանգարանը չլինի, որտեղ ներկայացված կլինի իր հսկայածավալ աշխատանքները։Պետք է նշեմ նաև, որ  Թամանյանը նույնիսկ իր տնից է հրաժարվել, որպեսզի ժողտունը կառուցվի։ Այսինքն ՝ իր տան գումարներն ուղղվել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի կառուցմանը և, փաստացի նա դրա համար Երևանում տուն չունի»,- եզրափակեց  Վարդանյանը։

Քրիստինե Վարդանյանը Panorama.am- ին տրամադրեց Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ հիմնադրման հետ կապված քաղաքային իշխանությունների պատասխանը։ Դեռ երկու տարի առաջ պատասխան նամակում նշված է, որ հարցը քննարկման փուլում է, սակայն մինչ օրս շոշափելի արդյունք չկա։ Ամեն դեպքում առաջիկա նիստերում ավագանու անդամը պատրաստվում է այս հարցը ևս մեկ անգամ բարձրաձայնել։

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder