Իրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության և Թեհրան-Երևան հարաբերություններին վնաս հասցնելուն. Լարիջանի
Քաղաքական
19:32 30/08/2025
Հայաստան

Իրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության և Թեհրան-Երևան հարաբերություններին վնաս հասցնելուն. Լարիջանի

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են, որ կողմերը գոհունակությամբ նշել են ԱԽ գրասենյակների միջև ձևավորված ինստիտուցիոնալ կապերը և վստահություն հայտնել դրանց շարունակական ամրապնդման ու զարգացման հարցում:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչի համատեքստում Ա.Գրիգորյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերը և նշել, որ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը տեղի է ունենալու բացառապես երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սահմանների անքակտելիության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում: Ա.Լարիջանին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված համաձայնությունները՝ կարևորելով կայունության և անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրանի միջև երկկողմ օրակարգին՝ ընդգծելով տնտեսական փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ, Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար շեշտել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության և Թեհրանի ու Երևանի միջև հարաբերություններին վնաս հասցնելուն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder