Այդ մի դրվագն էլ բավական է` առաջնագծում արձանագրելու համակարգային խնդիրներն ու մեր խոցելիությունը. Աբրահամյան
Քաղաքական
09:47 30/08/2025
Հայաստան

Այդ մի դրվագն էլ բավական է` առաջնագծում արձանագրելու համակարգային խնդիրներն ու մեր խոցելիությունը. Աբրահամյան

«Առաջնագծում տեղի ունեցած միջադեպը օտարերկրացի զբոսաշրջիկի ու մարտական դիրքի անձնակազմի հետ, երեկվանից սոցցանցերում ակտիվ քննարկումների առիթ է տվել: Թվում է թե` ժամանակակից տեխնոլոգիաներն ու տեսավերահսկող սարքերը պետք է կանխեին ծառայության հետ կապ չունեցող անձանց ներթափանցումը առաջնագծի տարբեր խորություններ, սակայն հրապարակված տեսանյութը լրիվ այլ բանի մասին է խոսում»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա, ճիշտ է` կոնկրետ դրվագում մեր զինծառայողներից մեկն անթույլատրելի պահվածք էր դրսևորում, բայց վտանգավորության առումով, հիմնական խնդիրներն այլ տեղում են:

«Առաջնագիծն ընդամենը մեկ գծի վրա շարված մարտական դիրքերը չեն, դա մի ամբողջ «ռազմական տնտեսություն» է` էշելոնացված, տարբեր նշանակության օբյեկտներով և համակարգերով:

Օտար անձի առաջին խրամատում հայտնվելը խոսում է այն մասին, որ կոնկրետ անձը տարբեր «պատնեշներ» հաղթահարելով, տեսախցիկով ֆիքսելով, ԱՆԱՐԳԵԼ հասել է սահմանագծի վերջին շերտը:

Երկրորդ, կոնկրետ գործողությունների առումով, մարտական դիրքի անձնակազմն ակնհայտորեն պատշաճ հրահանգավորված չի եղել, պատրաստ չի եղել նման իրավիճակներում գործելուն:

Կրկնում եմ` գլխավոր խնդիրը բուն մարտական դիրքի անձնակազմի ու պայմանական զբոսաշրջիկի «շփումը» չէր, սակայն այդ մի դրվագն էլ բավական է` առաջնագծում արձանագրելու համակարգային խնդիրներն ու մեր խոցելիությունը»,- գրել է Աբրահամյանը:

Նշենք, որ երեկ ՊՆ խոսնակը տարածված տեսանյութի մասին հայտնել էր. «Համացանցում և լրատվամիջոցներում մոտոցիկլիստի ու բանակային դիրքի զինծառայողների մասնակցությամբ տեսանյութ է տարածվում: 

Հայտնում ենք, որ այդ կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder