Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ի՞նչ է լինելու այն համայնքների հետ, որոնց աջակցել է կոմիտեն Ադրբեջանում. Պարզաբանում է ԿԽՄԿ-ն
«Համաձայն Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների որոշման՝ ԿԽՄԿ-ն 2025թ. սեպտեմբերին կդադարեցնի իր ֆիզիկական ներկայությունը երկրում։ Միաժամանակ, ԿԽՄԿ-ն հավատարիմ է մնում Միջազգային մարդասիրական իրավունքի ներքո պաշտպանություն ունեցող անձանց աջակցությանը և ներկայումս շարունակում է երկխոսությունը Ադրբեջանի իշխանությունների հետ մեր ապագա գործունեության շուրջ»,-Panorama.am-ին հայտնեցին ԿԽՄԿ-ից՝ անդրադառնալով Ադրբեջանում գրասենյակի փակման պատճառներին։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեից ավելացնում են, որ գրասենյակի ներգրավվածությունն ու ֆիզիկական ներկայությունը որևէ երկրում մշտապես պայմանավորված է տեղի իշխանությունների համաձայնությամբ։
«Հաշվի առնելով, որ իշխանությունների հետ մեր երկխոսությունը գաղտնի և երկկողմանի բնույթ է կրում՝ չենք մեկնաբանի այս քննարկումների վերաբերյալ մանրամասներ»,-նշում են կոմիտեից։
Հարցին, ԿԽՄԿ-ն հրապարակավ կբացատրի՞, թե ինչու են Ադրբեջանի իշխանությունները որոշել դադարեցնել կազմակերպության գործունեությունը, Կոմիտեից պատասխանել են. «Մենք իրավասու չենք մեկնաբանելու Ադրբեջանի իշխանությունների կողմից ընդունված Որոշումը»։
Նշվում է, որ ԿԽՄԿ պատվիրակությունը Հայաստանում կշարունակի հաղորդակցվել պահվող անձանց հարազատների հետ՝ իր դռները բաց պահելով նրանց առաջ, որոնք կցանկանան այցելել կամ զրուցել մեզ հետ։
«Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք Ադրբեջանի իշխանությունների հետ մեր երկխոսությունը՝ հակամարտության առնչությամբ ազատազրկված անձանց վերաբերյալ մեր հետագա գրծունեության շուրջ։ Զարգացումների դեպքում մենք այդ մասին կտեղեկացնենք ընտանիքներին»,-հայտնում են կոմիտեից։
Ի՞նչ է լինելու այն համայնքների հետ, որոնց աջակցել է կոմիտեն Ադրբեջանում։ Կոմիտեից նշում են՝ հասկանում են, որ գրասենյակի փակումը կարող է անորոշության և մտահոգության առիթ հանդիսանալ այն ընտանիքների համար, որոնք իրենց պահվող հարազատների մասին լուր ստանալու հարցում ապավինում էին ԿԽՄԿ-ին։
«Այս գործառույթը ստանձնել են Ադրբեջանի իշխանությունները և շարունակելու են ապահովել այս անձանց ու նրանց ընտանիքների միջև կապը։ ԿԽՄԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ Միջազգային մարդասիրական իրավունքով հովանավորվող անձանց աջակցությանը։ Մեր երկխոսությունը Ադրբեջանի իշխանությունների հետ շարունակվում է՝ համաձայն ԿԽՄԿ հանձնագրի և Ժնևի կոնվենցիաներով սահմանված պարտավորությունների։ Ադրբեջանում մյուս բոլոր գործողությունները, օրինակ՝ անհայտ կորած անձանց ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը, փոխանցվել են ազգային իշխանություններին։ Ադրբեջանի Հանրապետության Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովը շարունակելու է իրականացնել մարդկային աճյունների որոնմանն ու նույնականացմանն ուղղված աշխատանքները։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի պետական հանձնաժողովների միջև համագործակցությանը և հույս հայտնում, որ նրանց համատեղ ջանքերը երկար սպասված պատասխաններ կտրամադրեն անհայտ կորած անձանց ընտանիքներին։ Որպես չեզոք միջնորդ, երկու կողմերի ցանկության դեպքում մենք պատրաստ ենք աջակցել նրանց միջև երկխոսությանը և գործողություններին»,-մանրամասնում են կոմիտեից։