«Ժողովուրդ». «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի պաշտոնի համար մրցավազքը մնում է երկու ՔՊ-ականների միջև
Առողջություն
09:29 02/09/2025
Հայաստան

«Ժողովուրդ». «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի պաշտոնի համար մրցավազքը մնում է երկու ՔՊ-ականների միջև

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար այսօր հայտարարված մրցույթն ամբողջությամբ վերածվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին պայքարի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ոլորտի ամենահայտնի մասնագետներից մեկը՝ «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը, որոշել է հրաժարվել մրցույթին մասնակցելուց։ Պողոսյանը նախկինում մասնակցել էր Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնի տնօրենի մրցույթին, որի ժամանակ անգամ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նրան բնութագրեց որպես պրոֆեսիոնալ մասնագետ։ Սակայն այդ մրցույթում հաղթել էր ոչ թե մասնագիտական, այլ քաղաքականապես նախընտրելի թեկնածու։

Այսպիսով՝ մրցավազքը մնում է երկու ՔՊ-ականների միջև՝

Նարեկ Զեյնալյան – «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԺ նախկին պատգամավոր: Վարչապետի պահանջով՝ ՍՄՍ-ի միջոցով հրաժարվել է մանդատից՝ չպայքարելով իր իրավունքների համար:

Նարեկ Վանեսյան – նախկինում եղել է հոգեկան առողջության կենտրոնի ղեկավար և հայտնի է սկանդալային անցյալով։

Վանեսյանի անունը կապվում է մի քանի աղմկահարույց դեպքերի հետ՝

  • ՄԻՊ-ի հայտարարություն. 2018 թվականին Վանեսյանը, պաշտոնավարելու ընթացքում, զանգահարել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ պահանջելով իրենց տարածած հաղորդագրությունները նախապես համաձայնեցնել իր հետ։ Նա նաև սպառնացել էր «քայլեր ձեռնարկել» պաշտպանի աշխատակազմի դեմ։ ՄԻՊ-ը այդ վարքագիծը որակել էր որպես «պաշտոնական կարգավիճակի չիմացության ակնհայտ դրսևորում»։
  • Խարդախության գործ. Shamshyan.com-ի տվյալներով՝ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 1-ին մասով (խարդախություն)։ Քաղաքացին հաղորդում էր ներկայացրել, որ Վանեսյանը 3000 ԱՄՆ դոլար է վերցրել՝ աշխատանքի տեղավորման խոստումով, սակայն շարունակ ձգձգել է գործընթացը՝ ի վերջո խաբելով դիմորդին։

Թեև նման փաստերով ցանկացած թեկնածու ինքնաբերաբար դուրս կմնար որևէ մրցույթից, սակայն «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի պաշտոնի համար Վանեսյանը ոչ միայն մասնակցում է, այլև, ըստ որոշ աղբյուրների, համարվում է նախընտրելի թեկնածու՝ Արսեն Թորոսյանի և Անահիտ Ավանեսյանի հովանու ներքո։

Այսպիսով, մրցույթն իրականում վերածվել է քաղաքական մոնոպոլիայի պահպանման հերթական դրվագի՝ առանց իրական մրցակցության։

Անգամ մրցույթի ընթացքը դիտարկելու համար գրանցված դիտորդներին արգելել են մուտք գործել նիստերի դահլիճ, որտեղ անցկացվում է թեկնածուների հարցազրույցը։ Ինչպես նախորդ հիվանդանոցի տնօրենի մրցույթի ժամանակ, այս անգամ էլ նախատեսվում է դիտորդներին տեղափոխել առանձին սենյակ՝ առաջարկելով գործընթացը հետևել հեռուստաէկրանով՝ «ուղիղ» միացմամբ։

Այս «ստվերային» մոտեցումն առաջացրել է մի շարք դիտորդական խմբերի դժգոհությունը, քանի որ այս կերպ վերահսկողության հնարավորությունը խիստ սահմանափակվում է, իսկ գործընթացի թափանցիկությունն ամբողջությամբ կորչում է։

Նման սահմանափակումների պայմաններում խիստ կասկածելի է դառնում մրցույթի օրինականության ու արդարության գնահատումը, մանավանդ, երբ այն արդեն իսկ ընթանում է երկու ՔՊ-ական թեկնածուների միջև՝ նախկին ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի և աղմկահարույց անցյալով հայտնի Նարեկ Վանեսյանի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder