Արցախի հարցը փակված չէ. Իշխան Սաղաթելյան
Քաղաքական
13:07 02/09/2025
ԼՂՀ

Արցախի հարցը փակված չէ. Իշխան Սաղաթելյան

«Արցախի հարցը փակված չէ, և չի կարող փակված համարվել, քանի դեռ արցախահայությունը զրկված է իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իրավունքից»,-«Արցախ. չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով խորհրդաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով, պաշտոնական Երևանը և Բաքուն փորձում են հայ ժողովրդին ու միջազգային հանրությանը համոզել, թե իբր խնդիրը լուծված է, բայց այդ կեղծ թեզը ծառայում է մեկ նպատակի՝ արդարացնելու պարտվողական քաղաքականությունը։

«Մեր մոտեցումը շատ պարզ է՝ ուժի կիրառմամբ կամ ուժի սպառնալիքով պարտադրված որևէ փաստաթուղթ չի կարող համարվել լեգիտիմ։ Արցախի ճակատագրի շուրջ կայացված ոչ մի որոշում չի կարող ունենալ իրավական ու քաղաքական ուժ առանց  արցախահայության անմիջական մասնակցության։ Վերադարձի և ինքնորոշման իրավունքը հիմնարար իրավունքներ են, որոնք չեն կարող անտեսվել  կամ  առևտրի  առարկա դառնալ»,-հայտնեց Սաղաթելյանը և հավելեց. «Այսօր, երբ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ իրականացնում են մեր ժողովրդի գոյության դեմ ուղղված քաղաքականություն, իսկ Հայաստանի իշխանությունները փորձում են պարտությունը ներկայացնել որպես «խաղաղություն», մեր պատասխանատվությունը կրկնակի է մենք պետք է բարձրաձայնենք ճշմարտությունը, պահանջենք արդարություն, և ձևավորենք միջազգային համախմբում՝ մեր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար։

Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնելու  իր քաղաքականությունն արդարացնում էր Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու ինքնիշխանությունն ապահովելու հրամայականով։ Արդյունքում   հասել ենք  մի հանգրվանի, երբ օրակարգային է դարձել արդեն Սյունիքի մարզի պահպանման հարցը, և իշխանական քարոզիչները, երրորդ կողմի վերահսկողությամբ Ադրբեջանին «անխոչընդոտ հաղորդակցության» միջանցքի տրամադրումը ներկայացնում են որպես Սյունիքը պահպանելու միակ տարբերակ։ Մենք մերժում ենք այս մոտեցումը»։

Նրա խոսքով, քանի դեռ Ադրբեջանի կողմից ուժի կիրառմամբ և ցեղասպանական գործողություններով բռնի տեղահանված արցախցիները հաստատակամ են շարունակելու իրենց իրավունքների համար պայքարը, Արցախի հակամարտությունը չի կարող կարգավորված համարվել։

Նա միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին կոչ արեց պատասխանատվության ենթարկել Արցախյան հակամարտությունը ուժով կարգավորելու փորձ կատարած Ադրբեջանին։

«Միայն հակամարտության բոլոր կողմերի, ներառյալ՝ արցախյան կողմի, կենսական շահերի պաշտպանության, միջազգային իրավունքի և սկզբունքների, ներառյալ՝ վերադարձի և ինքնորոշման իրավունքների, վրա հիմնված կարգավորումն է ի զորու տարածաշրջանում ապահովել  հարատև խաղաղություն, և կայունություն»,-ասաց Սաղաթելյանը և հավելեց. «Մենք այստեղ ենք՝ հստակ ասելու, որ Արցախի էջը փակված չէ,որ մեր պայքարը շարունակվում է։ Մեր պայքարը ոչ թե պատերազմի, այլ արդարության և խաղաղության համար է։ Իսկ խաղաղությունը չի կարող կառուցվել կեղծիքի, բռնության ու պարտադրված զիջումների վրա»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder