Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Վերջին շրջանում թշնամի պետությունները, ցավոք սրտի, նաև Հայաստանի իշխանությունները փորձում են մեզ համոզել, որ Արցախի հարցը փակ է, Արցախն այլևս չկա։ Բայց Արցախի հարցը հնարավոր չէ փակել, Արցախը եղել է, կա ու կլինի մեր հոգիներում, ուղեղներում ու սրտերում »,-Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման միջոցառման ժամանակ հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Հենց նրա ընտանիքի միջոցներով է կառուցվել հուշահամալիրը, որը նվիրված է Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների, Արցախում հանգչող մեր հայրենակիցների, ինչպես նաև սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների անմար հիշատակին։
ԱԱԾ նախկին տնօրենը նշեց, որ նորմալ իրավիճակում մենք բոլորս պետք է լինեինք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, հանդիսավոր միջոցառումներից հետո պետք է այցելեինք եղբայրական գերեզման, սակայն, ցավոք սրտի, Եռաբլուրում ենք՝ զրկված այդ հնարավորությունից։
Վանեցյանն իր զորակցությունը հայտնեց հանուն հայրենիքի զոհված նահատակների ծնողներին, ընտանիքների անդամներին, զավակներին, տոկոնություն ու ամրություն մաղթեց Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող ռազմագերիներին, ազատություն մաղթեց Հայաստանի բանտերում ապօրինաբար պահվող բոլոր քաղբանտարկյալներին։
«Փառք ու պատիվ Հայաստանի Հանրապետությանը, փառք ու պատիվ Արցախի Հանրապետությանը։ Մեր պայքարը հանուն իրական խաղաղության է, մեր պայքարը հանուն իրական արդարության է, մեր պայքարը հանուն մեր ինքնության պաշտպանության է»,-ասաց Վանեցյանը։
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։


