Միքայել Սրբազանի պաշտպանը՝ դատավորին. Առանձին սենյակում վերդիկտ կայացնելիս ազնիվ եղեք ինքներդ Ձեզ հետ
Քաղաքական
18:12 02/09/2025
Հայաստան

Միքայել Սրբազանի պաշտպանը՝ դատավորին. Առանձին սենյակում վերդիկտ կայացնելիս ազնիվ եղեք ինքներդ Ձեզ հետ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված քրեական գործով այսօր դատավոր Արմինե Մելիքսեթեյանի նախագությամբ տեղի ունեցավ հերթական նիստը։

«Հենց սկզբից ակնհայտ է, որ մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլև անօրինական, ապօրինի: Ակնհայտ է, որ սրբազանը հետապնդման է ենթարկվում իր արտահայտած կարծիքի համար, երբ ասել է, իշխանափոխության միակ ձևը ես տեսնում եմ հեղաշրջումը։ Սա ըստ էության կարծիքի արտահայտում է»,-եզրափակիչ ելույթում հայտարարեց Միքայել Սրբազանի պաշտպանական թիմի անդամ Ռոման Ահարոնյանը։

Նա ընդգծեց, որ Միքայել Սրբազանը հանդես է եկել դատողական հայտարարություններով, ինչը տեղավորվում է օրենքի շրջանակում։ 

«Միքայել Սրբազանի խոսքում կարող է լինել կոշտ քննադատություն, կարող են լինել տարրեր, որոնք լուրջ անհագստություն կպատճառեն կառավարությանը, որոշակի խմբի անդամներին, սակայն հաշվի առնելով խնդրո առարկա խոսքերիի համատեքստը՝ դրանք վստահաբար տեղավորվում են ազատ խոսքի, կարծիքի արտահայտման իրավունքի սահմաններում, չեն կարող քրեական պատասխանատվություն ենթադրելու նույնիսկ նվազագույն շեմին հավակնել»,-ասաց պաշտպանը։

Պաշտպան Մարինե Ֆարմանյանն էլ հիշեցրեց, որ բողոքի ակցիայի անդամներին զինվելու, ոստիկաններին դիմադրություն ցույց տալու, զինվորականներին իրենց պարտականությունները չկատարելու ու այլ կոչեր արած մարդն ազատության մեջ է, իսկ Միքայել Սրբազանն այսօր նստած է մեղադրյալի աթոռին։

«Ինչպես ասել է Վիկտոր Հյուգոն, արդարադատությունն ուժեղ է միայն այն ժամանակ, երբ այն հասանելի է։ Ձեզ հարգարժան դատարան, անկեղծորեն մաղթում եմ, որ չթուլանաք, չտրվեք, արտաքին, ներքին կամ քաղաքական ճնշումներին և չշարունակեք Ձեր կատարած դատավարական ապօրինությունները, առանձին սենյակում վերդիկտ կայացնելիս ազնիվ լինեք ինքներդ Ձեզ հետ, քանի որ այս դատավարությունը ցույց տվեց, որ գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը որևէ հանցանք չի կատարել և արդար է։ Խնդրում եմ, մեր վստահորդի նկատմամբ կայացնել արդարացման վերդիկտ»,-ելույթը եզրափակեց Ֆարմանյանը, ինչին հետևեցին դահլիճում ներկաների ծափահարությունները։

Ելույթից հետո դատարանն անցավ Միքայել Սրբազանի խափանման միջոցի հարցի քննարկմանը, քանի որ նրա կալանքի ժամկետը լրանումէ  սեպտեմբերի 6-ին, իսկ այդ օրը ոչ աշխատանքային է։

Հիշեցնենք, որ գործն ավարտական փուլում է։ Դատարանն անցկացված մի քանի նիստերում ավարտել է  հիմնական դատալսումների փուլը և այժմ գտնվում  է եզրափակիչ ելույթների փուլում։ Հանրային մեղադրողը նախորդ դատական նիստում միջնորդել է մեղավոր ճանաչել Միքայել Սրբազանին՝ ներկայացված մեղադրանքում։ Պաշտպանության կողմն արդարացում է պահանջում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միքայել Սրբազանի պաշտպանը՝ դատավորին. Առանձին սենյակում վերդիկտ կայացնելիս ազնիվ եղեք ինքներդ Ձեզ հետ