Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի Հանրապետության Անկախության օրն արցախցիները հայրենիքում նշելու հնարավորություն չունեն։ Նրանք հնարավորություն չունեն նաև այցելելու Արցախում ստիպված թողած իրենց հարազատների շիրիմներին։ Չգիտեն էլ՝ դեռ կան այդ շիրիմները, թե թշնամի Ադրբեջանն արդեն պղծել է։
Արցախցիներն այսօր հավաքվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որտեղ բացվեց «Արցախի կանչը» հուշահամալիրը՝ նվիրված Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների, Արցախում հանգչող մեր հայրենակիցների, ինչպես նաև սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների անմար հիշատակին։ Արարողության շրջանակում իրականացվեց խաչքարերի օրհնության կարգ։

Հուշահամալիրը զբաղեցնում է շուրջ 500 քմ տարածք և ներառում է 6 մետր բարձրությամբ կոթող: Համալիրի կենտրոնում տեղադրված է գլխավոր հուշակոթողը, իսկ շուրջը տեղադրված են խաչքարեր:

Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանի մտահղացումը հայրենանվեր նախագծի է վերածել Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, իսկ հուշահամալիրը կառուցվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի միջոցներով։
Հուշահամալիրի շինարարական աշխատանքները համակարգել է Կարեն Սարգսյանը։

Հուշահամալիրի ճարտարապետներն են Վլադիմիր և Միքայել Սարգսյանները, քանդակագործն է Ռոբերտ Ասկարյանը։ Ողբերգական պայթյունի զոհերի հիշատակը հավերժանող խաչքարի հեղինակն է Վարազդատ Համբարձումյանը։
Քանդակագործ Ռոբերտ Ասկարյանի ներկայացմամբ, հուշակոթողում ներկայացված տատն ու պապը նայում են զոհերի շիրիմներին։
«Նրանք իրենց թոռնիկի հետ միասին հասել են այստեղ, բայց նորից վերադառնալու են Արցախ։
Արցախյան արմատը չի չորանում, միշտ մնալու է հողի վրա, հողի մեջ»,- ասաց քանդակագործը՝ չկարողանալով զսպել հուզմունքը։
2023 թ սեպտեմբերյան մարտերում անմահացած Տիգրան Ավետիսյանի մայրը՝ Ադելինա Ավետիսյանը նախ շնորհակալություն հայտնեց նախաձեռնությունն իրականություն դարձնողներին. «Սուրբ վայրում հիշատակվում են մեր նահատակված տղաները, միաժամանակ հարգանքի տուրք է մատուցվում պայթյունի հետևանքով զոհերվածների հիշատակին։
Մեծ ու կարևոր աշխատանք է կատարվել։ Մեր հայրենակիցները հնարավորություն կունենան այցելելու այս սուրբ վայրը, խոնարհվելու, խունկ ծխելու ի հիշատակ իրենց որդիների, հարազատների։
Իմ որդու շիրիմն այստեղ է, հնարավորություն ունեմ այցելելու, խոնարհվելու նրա առաջ։ Շատ լավ գիտակցում եմ՝ կան հարյուրավոր ծնողներ, ովքեր այդ հնարավորությունը դեռ չունեն, այս հուշակողոթը նրանց համար մի վայր է, որտեղ կարող են հիշել, աղոթել, զգալ կապը նրանց հետ, որոնց շիրիմները հեռու է»։
«Արցախյան երրորդ պատերազմում զոհված, ահնետ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը նշեց, որ 2023-ին իրենք կորցրեցին ամեն ինչ՝ տուն, տեղ, ամենացավալին՝ իրենց հարազատների շիրիմները։
«Հիշատակի օրերին գտնվելով այստեղ՝ չգիտեինք ուր գնալ, ինչ անել, ինքներս մեզնից փախչում էինք, մնում շվարած։
Սրբավայր Եռաբլուրի սրտում ունենք այս հուշակոթողը, որը շատ իմաստներ ունի։ Նրա մեջ է ամփոփած Արցախի բոլոր սրբավայրերը։
Դուք կառուցել եք սրբավայր՝ Սրբավայրում»,- նշեց նա։
2016-2020 թվականների պատերազմներում երկու որդիներին՝ Նորայրին ու Երվանդին կորցրած Միքայել Հաջյանն ասաց. «Ինչ ընտանիքս տեղափոխվեց Արցախից, անընդհատ մտածում էինք՝ երբ կարող ենք վերադառնալ ու խոնարհվենք մեր զավակների շիրիմների առաջ, համբուրել շիրմաքարերը, ծաղիկներ խոնարհել։ Այսօր այդ հնարավորություն կա այստեղ, սփոփանք է ինչ-որ տեղ։ Սփոփանքն ապրեցնում է, հույս տալիս, որ վերադառնալու ենք Արցախ, վերադառնալու ենք մեր զավակների մոտ։ Ասել եմ՝ ես ու կինս պառելու ենք մեր զավակների մոտ, այդպես էլ լինելու է»։
44-օրյա պատերազմում որդուն՝ Վաչագանին կորցրած բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն ասաց, որ այս կոթողը ևս մեկ անգամ վկայություն է նրա, որ հաղթանակն այլընտրանք չունի։
Արցախի թեմի առաջնորդ գերշ. Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքով, խորհրդավոր ու հուզիչ օր է. «Խաչքարերը միայն քարեր չեն, մեր համազգային ցավի, նաև հպարտության խորհրդանիշ են։ Մեր աղոթքներով քարեղեն այս կոթողներն այլևս սրբավայր են, պետք է դառնան համախմբման, հզորության սրբություններ։
Սերունդները թող հաճախ գան այստեղ՝ հասկանալու, համոզվելու համար, որ ազատությունը, անկախությունը, պետականությունը ոչ մի ժողովուրդ որպես պարգև չի ստացել, ազգային միասնությամբ, հերոսների անձնուրաց ու նպատակային պայքարով է ձեռք բերվել»։












