Մենք չենք կարող լռել, քանի դեռ տուն վերադառնալու իրավունքից զրկված ենք․ Սամվել Եվրիյան
Հասարակություն
20:54 02/09/2025
Հայաստան

Մենք չենք կարող լռել, քանի դեռ տուն վերադառնալու իրավունքից զրկված ենք․ Սամվել Եվրիյան

«34 տարի առաջ մենք ոտքի ելանք և ազատ ապրելու մեր իրավունքը զենքով ու արյունով նվաճեցինք  և վերջապես, պետություն և անկախություն բառերը իրականում մենք շոշափեցինք։ Վերջին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներ կոչվելու բախտն ու իրավունքը ունեցանք»,- այս մասին  Ազատության հրապարակում ասաց Արցախի Հանրապետության վաստակավոր արտիստ Սամվել Եվրիյանը՝ շարունակելով․

«Սեպտեմբերի 2-ը մեր պատմության լուսավոր, բայց տառապալից օրերից է։Սա մեր պայքարի և հաղթանակի խորհրդանիշն է։ Այսօր մենք պետք է խոսենք ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին։ Արցախը դատարկված է, բայց սրտերում այն ապրում է։ Տները քանդված են, բայց հիշողություններն  անխորտակելի են։ Մեր եղբայրներն ու քույրերը դեգերում են օտարության մեջ, բայց ամեն գիշեր երազում են նույն երազանքը՝ տուն վերադառնալ։ Ճշմարտությունը մեկընդմիշտ  է՝ Արցախը մեր հայրենիքն է։ Եթե մենք փակենք Արցախի էջը, կնշանակի փակում ենք մեր ժողովրդի ապագան։ Պայքարը վտանգ չէ, պայքարը փրկություն է, առանց պայքարի մենք կկորցնենք և՛ Արցախը, և՛ Հայաստանը։ Եթե չպայքարենք այսօր, վաղը մեզ ոչ ոք չի հիշի։Պայքարը մեր ազգի գոյության միակ ուղին է։ Մենք չենք կարող լռել, քանի դեռ մեր եղբայրները բանտերում են։ Մենք չենք կարող լռել, քանի դեռ տուն վերադառնալու իրավունքից զրկված ենք։ Սա միայն արցախահայության հարցը չէ, սա հայ ժողովրդի պայքարն է, սա Հայաստանի պաշտպանության հարցն է։ Այսօր մենք պետք է լինենք  մեկ ձայն, մեկ սիրտ, մեկ բռունցք։Միասնականությամբ մենք կարող ենք վերադարձնել կորցրածը»։

 Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք չենք կարող լռել, քանի դեռ տուն վերադառնալու իրավունքից զրկված ենք․ Սամվել Եվրիյան