«Հրապարակ». Ինչ են խոսել Արմեն Գրգորյանն ու Հիքմեթ Հաջիևը հեռախոսազրույցի ժամանակ
Օրվա մամուլ
08:31 03/09/2025
Հայաստան

«Հրապարակ». Ինչ են խոսել Արմեն Գրգորյանն ու Հիքմեթ Հաջիևը հեռախոսազրույցի ժամանակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, օգոստոսի 30-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևի միջև, ընդ որում՝ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Խոսակցություն է գնացել Բաքվում գտնվող հայ գերիների մասին։ Ըստ ամենայնի, հեռախոսազանգի պատճառը եղել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վաշինգտոնում արտաբերած մեկ արտահայտությունը, երբ դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Ասում եք, որ 23 քրիստոնյա հայե՞ր կան, ես պատրաստվում եմ խնդրել, որ դա անեն (ազատ արձակեն), կարծում եմ՝ հանուն ինձ կանեն դա»։ Հավանաբար, այդ խնդրանքը հնչել է, և Հաջիևը զանգահարել է ՀՀ պաշտոնյային, որ ոչ թե Թրամփին մերժեն, այլ՝ «անողնաշար հայերին»։

Մեր տեղեկություններով, նա ուղիղ տեքստով ասել է, որ Ադրբեջանը չի կարողանա կատարել Թրամփի պահանջը և ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին և ռազմագերիներին։

Նա նաև դժգոհություն է հայտնել, որ Հայաստանի ներկայացուցիչը Վաշինգտոնում օգտագործել է «քրիստոնյա բանտարկյալներ» արտահայտությունը։ Հայտարարել է, որ «դա վնասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»։ Պարզ է, որ առանց այն էլ վախեցած ու Ադրբեջանին ամեն ինչում զիջող ՀՀ կառավարության ներկայացուցիչն անհանգստացել է այս հեռախոսազանգից և հանգստացրել զրուցակցին։

Մեզ ասացին, որ ՀՀ կառավարությունը հիմա առավել ևս մտադիր չէ պայքարել Բաքվում գտնվող բանտարկյալների համար։ Բայց Փաշինյանը հույս ունի, որ մինչև ընտրությունները կհաջողվի գոնե ինչ-որ մեկին վերադարձնել, որպեսզի հանրությանը դա ներկայացնի որպես քաղաքական հաղթանակ և այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու ապացույց»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder