Կամո Ունանյանը կրկին վիրահատվել է․ մարզական կարիերան հարցականի տակ է
Սպորտ
13:17 03/09/2025
Հայաստան

Կամո Ունանյանը կրկին վիրահատվել է․ մարզական կարիերան հարցականի տակ է

Հայաստանի կարատեի միության հիմնադիր, կարատեի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, MMA մարզաձևում արդեն 7/0 ռեկորդակիր Կամո Ունանյանը ողնաշարի լուրջ վիրահատության է ենթարկվել։ Այս օրերին մարզիկը հետվիրահատական վերականգնման փուլում է և նախկին մարզական վիճակին վերադառնալու համար նրանից ամիսներ են պահանջվելու։

Հայաստանի կարատեի միությունից հայտնում են, որ վիրահատությունն իրականացրած Արմենիա բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ  Ծերունի Հովհաննիսյանը վստահեցրել է, որ թեպետ Կամոյի մոտ կա ողնաշարի բավականին լուրջ խնդիր, բայց ամիսներ անց կվերադառնա իր նախկին մարզավիճակին։

«Կամոյի մոտ ողնաշարի լուրջ պաթոլոգիան, որը գնալով ավելի էր խորանում, թույլ չէր տալիս, որ նա շարունակի իր սպորտային կարիերան։ Հետևաբար, նման  պարագաներում, պետք է ամրացնել ողնաշարը, վերացնել պաթոլոգիան և որոշակի  վերականգնողական բուժումից հետո նրան վերադարձնել սպորտային «շարք»։ Միայն այդ ժամանակ Կամոն ավելի վստահ ու ամուր ողնաշարով կիրականացնի իր դեմ  դրված սպորտային խնդիրները»,- ասել է նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ  Ծերունի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, հետվիրահատական փուլը ավելի շատ կապված է Կամոյից։

 «Մենք գործ ունենք ողնաշարի գոտկային հատվածի ծանր ախտահարման հետ, իսկ Կամոն շատ  վտանգավոր մարտարվեստի է տիրապետում և որպեսզի հետագայում ողնաշարի ամրությունը ճիշտ լինի և ապաքինումը արագ զարգանա, կարծում եմ, որ այս տարի նա պետք է մոռանա մրցումներին մասնակցելու մասին։ Լավ կլինի, որ որոշ ժամանակ դադար առնի, լավ կոփի ու ամրացնի ողնաշարը, իսկ ընթացքում զրոյից զարգացնելով մկանները, թույլ կտան իմպլանտացիա եղած հատվածին ոսկրակալել և ամրություն ապահովել ողնաշարին։ Սա է մեր առջև դրված խնդիրը, որը պետք է իրականացնենք պատվով, որպեսզի Կամոն ավելի վստահությամբ շարունակի իր մենամարտերը և ինչպես միշտ բարձր պահի մեր երկրի դրոշը»,-ասել է բժիշկը։

Մի քանի խոշոր միջազգային մրցաշարերում Կամոն ուներ մենամարտերի պայմանավորվածություններ, սակայն դրանք ժամանակավորապես մղվել են երկրորդ պլան։

 «Սեպտեմբերի 13-ին պատրաստվում էի մասնակցել «Mix fight» MMA մարզաձևի խոշոր միջազգային մրցաշարին, որից հետո պետք է մասնակցեի «Նաիզա» հեղինակավոր կազմակերպության մենամարտերին։ Բոլոր պայմանավորվածություններս ուժի մեջ են, խոսել եմ «Նաիզա» հեղինակավոր կազմակերպության նախագահ Նուրբեկ Կարաբալայի հետ, նա ասաց, որ վերականգնվելուց հետո ուրախ կլինի ինձ տեսնել «Նաիզայի» օգտագոնում»,-ասել է մարզիկը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder