Սխալ ա հնչեցնել մտքեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը. Նանուշյանը՝ Լուլուին
Առողջություն
14:26 03/09/2025
Հայաստան

Սխալ ա հնչեցնել մտքեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը. Նանուշյանը՝ Լուլուին

«Դուք առաջարկում եք, որ պետք է ստեղծվի բժշկական լաբորատորիաների որակը գնահատող աշխատանքային խումբ, ես ձեզ ասում են, որ այդ խումբը ձևավորելու դրույթը պետք է օրենքում գրվի»,- Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին դիմեց ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը(Լուլուն)։

Նանուշյանը զեկուցեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով պատասխանատվություն՝ լիցենզիայի կասեցում է նախատեսվում, բժշկական լաբորատորիաների կողմից որակի ապահովման համակարգ չունենալու համար։

Բադալյանը  շեշտեց, որ օրենքում պետք է գրված լինի, որ ստեղծվում է աշխատանքային խումբ, իսկ խմբի կազմի աշխատակարգի վերաբերյալ կարգավորումները պետք է տա լիազոր մարմինը։

ՔՊ-ական պատգամավորը նշեց, որ իր այդ առաջարկությունը բարձրացվել է նաև կառավարության կողմից և նախագծին տվել են բացասական եզրակացություն՝ Արդարադատության նախարարության հետ հետագա ճշտումներ անելու համար, բայց նախագիծը ԱԺ է բերվել առանց փոփոխությունների։

Բադալյանը նաև եզրակացրեց, որ եթե պատժիչ նորմը դեռ ուժի մեջ չի մտել, ապա լաբորատորիաներն ինչպես ուզեն՝ կաշխատեն։

«Քանի որ ուղիղ եթեր է և մեզ լսում են, ես կուզենամ, այնուամենայնիվ անդրադառնամ, և կարծում եմ, որ սխալ ա հնչեցնել մտքեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը»,- արձագանքեց Լեա Նանուշյանը և հավելեց. «Ոչ մեկը ՀՀ-ում չի կարող աշխատել այնպես, ինչպես ինքը ուզում ա՝ խախտելով որևէ օրենք»։

 Նա հայտնեց, որ կան տարբեր օրենքներ, որոնք կանոնանկարգում են լաբորատոր գործունեություն իրականացնող հիմնարկությունների աշխատանքը։

 «Որակի հետ կապված այս մի քանի ամիսները շարունակում են գործել նախորդ կարգավորումներով , իսկ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո կզգուշացվեն, որ որակը չապահովելու դեպքում պատասխանատվության կենթարկվեն՝ լիցենզիայից կզրկվեն»,-հայտարարեց Նանուշյանը։

Առողջապալհության փոխնախարարը հայտարարեց, թե Արդարադատության նախարարությունից ստացել են եզրակացություն, որ աշպխատանքային խումբը տեխնիկական գործիք է, որը լիազոր մարմինը կիրառում է գնահատում անելու համար, բայց եզրակացությունը տալիս է լիազոր մարմինը, ինչը կարգավորվում է կառավարության որոշմամբ, այլ ոչ թե օրենքով։

 Լուսինե Բադալյանը հարցրեց, թե կարող է Նանուշյանի ասածը ֆիքսել որպես Արդարադատության նախարարության եզրակացություն, որ օրենքում աշխատանքային խմբի մասին նորմ չպետք է սահմանել։

Նանուշյանն էլ ասաց, թե Արդարադատության նախարարությունը առարկություն չի ունեցել օրենք այս ձևով առաջ տանելու համար և ի վերջո հաստատեց, որ Բադալյանը կարող է հաստատել իր ձևակերպումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder