Գեղարվեստական տպագրության 5-րդ միջազգային Բիենալեում կներկայացվի գեղարվեստական տպագրության ավելի քան 420 աշխատանք՝ 48 երկրից
Մշակույթ
16:12 04/09/2025
Հայաստան

Գեղարվեստական տպագրության 5-րդ միջազգային Բիենալեում կներկայացվի գեղարվեստական տպագրության ավելի քան 420 աշխատանք՝ 48 երկրից

Սեպտեմբերի 5-ից մեկնարկում է «Գեղարվեստական տպագրության հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025» նախագիծը: Այն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ։

Նախարարությունից մանրամասնում են, որ Երևանյան Բիենալեի շրջանակում կներկայացվեն աշխարհի 48 երկրի 213 արվեստագետի՝ գեղարվեստական տպագրության ավելի քան 420 աշխատանքներ՝ բազմատեսակ տեխնիկաներով ու ոճերով:

Միջոցառման հատուկ հյուրն է Նորվեգիայի Սոնյա Թագուհու գեղարվեստական տպագրության ամենամյա մրցանակի տնօրեն և ժամանակակից արվեստի առաջատար գործիչ Թրուդե Գոմնես Ուգելստադը: Վերջինս նաև երևանյան Բիենալենի ժյուրիի նախագահն է:

«Գեղարվեստական տպագրության հոբելյանական միջազգային Բիենալե, Երևան 2025»-ի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, «ՀայԱրտ» կենտրոնում:

Հայաստանում կերպարվեստի ոլորտում և տարածաշրջանում միակ Գեղարվեստական տպագրության Բիենալեն իրականացվում է «Հայաստան» համահայակական հիմնադրամի, «ՀայԱրտ» կենտրոնի, Երևանում Ֆրանսիական ինստիտուտի, Երևանում Գյոթե ինստիտուտի, Սարսելիի միջազգային փորագրության բիենալեի (Փարիզ), Xylon կազմակերպության (Ավստրիա), G. Urban Platform-ի (Մյունխեն), Arloopa-ի, Arnenecoop-ի և Villa Delenda-ի աջակցությամբ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder