Գիշերվա 4:30 էր։ Արթնացել եմ տղամարդկանց բարձր ձայներից. Տաթևի կալանավորված ղեկավարի դստեր ահազանգը
Իրավունք
09:18 04/09/2025
Հայաստան

Գիշերվա 4:30 էր։ Արթնացել եմ տղամարդկանց բարձր ձայներից. Տաթևի կալանավորված ղեկավարի դստեր ահազանգը

Տաթևի՝ կալանավորված ղեկավար Գոռ Մինասյանի դուստրը՝ Մելինե Մինասյանն ահազանգում է, որ երեկ վաղ առավոտյան, երբ ընտանիքի անդամները քնած են եղել,  մի խումբ ոստիկաններ ներխուժել են տուն խուզարկություններ իրականացնելու։ Ֆեյսբուքյան իր էջում նա երեկ գրել է.

«Այսօր գիշերվա 4:30 էր։ Արթնացել եմ տղամարդկանց բարձր ձայներից, մինչև բացել եմ աչքերս, գլխավերևումս տեսել եմ 4 տղամարդկանց, բարձր ձայներից արթնացել են նաև ինձնից փոքր քույրերս և 3 տարեկան եղբայրս։ Սկսել են տակնուվրա անել սենյակը, գնացել կողքի սենյակ, դուրս եմ եկել հյուրասենյակ, որտեղ ևս 3 տղամարդիկ քաշքշում էին պապիկիս, ով հիմա տառապում է մահացու հիվանդության ցավերից և ով հիմա իմ խնամակալն է։ Տուն ներխուժած տղամարդիկ չեն ներկայացրել տան խուզարկման որևէ փաստաթուղթ, ներկայացել են որպես ինչ-որ 6-րդ վարչության ներկայացուցիչներ։ Հայհոյախառն խոսակցություններից ու բարձր ձայներից վախեցած քույրերիս ու եղբորս մինչև հիմա չեմ կարողանում հանգստացնել։ Ասում էին, որ ամեն ինչ խլելու են մեզանից, որ հայրս փտելու է բանտում ։

Հայրս արդեն 78 օր է, ինչ գտնվում է անազատության մեջ՝ ապօրինի։ Ես 78 օր է մտածում եմ, թե ինչու եմ ծնվել մի երկրում, որտեղ արդարություն, արդարադատություն չկա։

Բժիշկս ասում է, որ անհապաղ պետք է վիրահատվեմ, 2 տարվա ընթացքում թվով 3-րդ անգամ։ Լինում են օրեր, երբ ոտքերս չափից դուրս թուլանում են, քայլելը դառնում է ցավոտ բեռ ինձ համար։ Բայց ես հրաժարվել եմ վիրահատությունից, հրաժարվելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ հայրս կողքիս չէ, որովհետև ինձ պետք չէ քայլել միայնակ, առանց հորս։ Հիմա միգուցե մտածեք, որ խաղում եմ կյանքիս հետ, վտանգի տակ դնում, բայց իմ կյանքն ու ապրելու իմաստը հայրս է….Հորս ապօրինի կալանավորելուց հետո, մենք մնացել ենք միայնակ, բոլորը փորձում են ամեն կերպ մեր կյանքը վերածել քաոսի, և ասեմ, որ նրանց մոտ ստացվում է. Ինձ, քույրերիս ու եղբորս միշտ ինչ-որ սև մեքենա է հետապնդում, որը ես ֆիքսել եմ տարբեր օրերի։

Հորս գործով վերջին դատական լսման ժամանակ հասկացել եմ, որ մենք միայնակ ենք, դատարանը, որ պետք էր պաշտպաներ արդարին՝ հորս, ակնհայտ անարդար որոշումներ էր կայացնում։

Ես այլ ելք չունեմ, դիմում եմ իմ այս գրածը կարդացող յուրաքանչյուրիդ, օգնե’ք ինձ, որպեսզի մեր երկրի Վարչապետը, Գլխավոր Դատախազը, Արդարադատության նախարարը և բոլոր այն մարդիկ, ովքեր մտածում են , որ մեր երկիրը դարձնեն ավելի արդար, ավելի ապահով, ավելի լավը, կարդան իմ գրածը ու ինձ վերադարձնեն հորս և ապահովեն, որ ես, քույրերս ու եղբայրս առանց վախի, առանց սթրեսի ապրենք մեր մանկություն»։

Նշենք, որ Տաթևի վարչական  ղեկավար Գոռ Մինասյանի ու նրա ընկերոջ Գեւորգ Հարությունյանի նկատմամբ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել ու գործն ուղարկվել է դատարան։ Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ Գոռ Մինասյանին մեղադրանք է  առաջադրվել այն բանի համար, որ նա խուլիգանական դրդումներով վնասել է Մարո Մարտիրոսյանի գույքը, իսկ Գեւորգ Հարությունյանի հետ խմբի կազմում կատարել է խուլիգանություն՝ Մարո Մարտիրոսյանի առողջությանը պատճառելով  թեթեւ վնաս։ Գեւորգ Մարտիրոսյանը բացի այն, որ մեղադրվում է տուժող Մարո Մարտիրոսյանի առողջությանը թեթեւ վնաս պատճառելու մեջ, միաժամանակ մեղադրվում է Լուսիկ Միքայելյանի բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու մեջ։

Գոռ Մինասյանի դուստրը նշում է, որ հայրը մեղադրանքը չի ընդունում։

«2023 թվականի հոկտեմբերից թուրքական, ռուսական, հայկական տարբեր հեռախոսահամարներից հորս շրջապատին, ընկերներին, գործընկերներին սկսում են պարբերաբար ուղարկել սեռական ամենաանմարդկային հայհոյանքները, սպառնալիքները, հորս վերաբերյալ ստահոդ տեղեկություններ, որոնք նպատակ են ունեցել արատավորել հորս անունը, բարի համբավը։ Գործը 2 տարի է, ինչ քննվում է Գորիսի Քննչական բաժնում, սակայն իրավապահ մարմինների 2 տարվա անգործությունից հետո, հանցագործություն կատարողները պատահականորեն պարզվում են հորս կողմից և կատարողներից մեկը խոստովանում է, որ այս ամենի կազմակերպիչը Վարուժան Մարտիրոսյանն է՝ իր երեխաներ Կարո և Մարո Մարտիրոսյանների հետ։ Հունիսի 17-ին, հանցագործների բացահայտման հաջորդ օրը, հորս ընկերներից մեկը, ում նույնպես ուղարկված են լինում վերոնշյալ նամակներից, ճանապարհին հանդիպում է Մարո Մարտիրոսյանին, ով սադրում է վերջինիս, և նրանց միջև տեղի է ունենում վիճաբանություն։ Մարո Մարտիրոսյանի հայրը՝ Վարուժան Մարտիրոսյանը, զանգում է ոստիկանություն և հաղորդում ներկայացնում կատարվածի վերաբերյալ, ասում, որ Գևորգ Հարությունյանն է կատարվածի իրականացնողը, սակայն չգիտես ինչպես հաջորդ օրը և հետագա ցուցմունքներում տալիս է հորս անունը, ասելով որ շփոթել է։ 2025 թվականի հունիսի 20-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվուն և հորս մեղադրանք է ներկայացվում ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խուլիգանական դրդումներով ուրիշի գույքը վնասելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մեկ ուրիշի առողջությանը թեթև վնաս պատճառելը): Հայրս բնականաբար չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը: Այս ամենից հետո Վարուժան, Մարո, Կարո Մարտորոսյաններին ձերբակալելու փոխարեն , այսօր ապօրինի, առանց էական ապացույցների կալանավորված է մի մարդ, ում ճանաչում են ամբողջ Սյունիքում, ում ծնողները առողջական լուրջ խնդիրներ ունեն, և ով 5 երեխաների հայր է»,-նշել է Մինասյանի դուստրը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder