Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սեռավարակների առումով Հայաստանում վերջին տարիներին նկատվում է իրավիճակի ակտիվացում
Սեռական առողջության օրն է։ Oրվա հիմնական նպատակն է` հասարակության մեջ սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացումը, անվտանգ վարքագծի խթանումը, սեռավարակների կանխարգելումը և երիտասարդների ու մեծահասակների համար հավասար հնարավորությունների ապահովումը առողջ և գիտակցված որոշումներ կայացնելու գործում։
ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» վերլուծական կենտրոնից նշում են, որ Հայաստանում սեռական առողջության խնդիրները սահմանափակված չեն միայն տեղական համատեքստով։ Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանում առկա են մի շարք ընդհանուր ու առանձին մտահոգություններ։
Սեռավարակների առումով Հայաստանում վերջին տարիներին նկատվում է իրավիճակի ակտիվացում: Համաձայն պաշտոնական հրապարակումների՝ 1988թ.-ից մինչև 2025թ. մարտի 31-ը արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 6287 դեպք, որից 70%-ը տղամարդկանց, 30%-ը՝ կանանց շրջանում։ Նույն ժամանակահատվածում ՁԻԱՀ-ի դեպքերը եղել են 2829, իսկ մահվան դեպքերը՝ 1392: 0-14 տարեկան երեխաների շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 90 դեպք, ՁԻԱՀ-ի 47 և մահվան 12 դեպքեր։ 2023թ.-ին արձանագրվել է կյանքում առաջին անգամ հաստատված սուր և քրոնիկ սիֆիլիսի 710 դեպք (24/100000), ինչը 1.2 անգամ գերազանցել է 2022թ.-ի դեպքերը՝ 604 դեպք (20.3/100000), իսկ 1.6 անգամ՝ 2021թ.-ի դեպքերը՝ 493 (14.8/100000): Առանձին տարիքաին խբերի հիվանդացության վերլուծությունը վկայում է, որ բարձր ցուցանիշները արձանագրվել է 18-24 (67.3/100000) և 25-49 (33.1/100000) տարեկանների տարիքային խմբերում: Դեպքերի 2.2%-ը եղել են մինչև 18 տարեկանները: Հարկ է նշել, որ ընդհանուր դեպքերի 68%-ը արձանագրվել է տղամարդկանց, իսկ 32%-ը կանանց շրջանում: Չնայած 2023թ.-ին հաղորդված քլամիդիոզի դեպքերի աճի դանդաղմանը՝ այն շարունակում է մնալ Եվրոպայում ամենահաճախ գրանցվող բակտերիալ սեռավարակը: 2023թ.-ին ԵՄ երկրներում գրանցվել է ավելի քան 230 000 դեպք, որը 2014թ.-ի համեմատ աճել է 13%-ով: Վարակը շարունակում է տարածվել երիտասարդների, առավելապես՝ 20-24 տարեկան կանանց շրջանում: Բացի սեռավարակների դեպքերի աճը, առանձնահատուկ մտահոգություն է գոնորեայի հարուցիչի (Neisseria gonorrhoeae) հակամանրէային կայունության աճող սպառնալիքը: Դեղակայուն շտամների առաջացումը նվազեցնում է ներկայիս բուժման արդյունավետությանը, ինչն ընդգծում է կանխարգելման և հակաբիոտիկների նպատակային օգտագործման կարևորությունը:
Ուսումնասիրությունները վկայում են, որ սեռավարակների այս զգալի աճը պայմանավորված է սեռական ռիսկային վարքագծի փոփոխություններով:
Հարավային Կովկասի երկրներում ներկայում բարձր է հղիության արհեստական ընդհատումների մակարդակը: 1999 թվականին, ըստ տվյալների՝ Հայաստանում մեկ կինը կյանքի ընթացքում միջինը 2.6 աբորտ է կատարել, Վրաստանում՝ 3.7, Ադրբեջանում՝ 3.2` այս ցուցանիշները բարձր են միջին համեմատական): 205-2016թթ-ների տվյալների համաձայն Հայաստանում այս թիվը կազմել է 0.6, Վրաստանում` 1.6, Ադրբեջանում` 2.3: Այս տվյալների համաձայն աբորտների թիվը նվազել է 4.6 անգամ, գրանցելով տարածաշրջանում ամենամեծ անկումը:
Սեռական առողջության համատեքստում հաջորդ կարևոր անկյունաքարը կրթության, հասարակական դիրքորոշումների և իրավական բարդությունների հեռանկարն է:
Սեռական դաստիարակությունը պետք է սկսել վաղ տարիքից, բայց աստիճանաբար՝ երեխայի զարգացման մակարդակին համապատասխան։ Այն չի նշանակում վաղ սեքսուալիզացիա, այլ ապահովում է երեխայի առողջ, անվտանգ և գիտակցված զարգացումը։
Մանկապարտեզ (3–5 տարեկան)
•Սովորեցնել երեխային ճանաչել իր մարմինը և անվանել օրգանները իրենց ճիշտ անուններով։
•Ներարկել անձնական տարածքի և «մարմինն իմն է» գաղափարը։
•Սովորեցնել տարբերությունը «լավ» և «վատ» շփման միջև։
Տարրական դպրոց (6–9 տարեկան)
•Ավելացնել գիտելիքներ մարմնի փոփոխությունների մասին։
•Քննարկել ընկերություն, հարգանք, զգացմունքներ։
•Սովորեցնել, թե ինչ անել, եթե որևէ մեկը խախտում է երեխայի անձնական սահմանները։
Դպրոցական միջին տարիքը (10–12 տարեկան)
•Սկսել խոսել պուբերտատի (մարմնի ֆիզիկական և հորմոնալ փոփոխությունների) մասին։
•Ներկայացնել հիմունքներ վերարտադրողական համակարգի հիգիենայի մասին։
•Քննարկել ինտերնետում և սոցիալական ցանցերում անվտանգության կանոնները։
Դեռահասներ (13–15 տարեկան)
•Խոսել սեռական հարաբերությունների պատասխանատվության, հակաբեղմնավորման և սեռավարակների կանխարգելման մասին։
•Քննարկել հարգանքի, փոխադարձ համաձայնության և առողջ հարաբերությունների կարևորությունը։
Ավագ դպրոց (16+ տարեկան)
•Լրիվ բաց քննարկումներ սեռական կյանքի, սիրային հարաբերությունների, հղիության կանխարգելման և վերարտադրողական իրավունքների մասին։
•Խոսել սեռական և գենդերային հավասարության, բռնության կանխարգելման մասին։
•Տալ գիտելիք, թե որտեղից կարելի է ստանալ հուսալի բժշկական օգնություն և խորհրդատվություն։
Սեռական դաստիարակությունը արդյունավետ է, երբ այն համատեղ կազմակերպում են ընտանիքը, դպրոցը, առողջապահական համակարգը և հասարակական կազմակերպությունները, բայցևայնպես, երեխայի առաջին ուսուցիչները ծնողներն են, նրանք պետք է բաց ու վստահելի միջավայր ստեղծեն, որտեղ երեխան կարող է հարցեր տալ և ստանալ ճիշտ պատասխաններ։
Այսպիսով կարևոր բաղկացուցիչները`
•Ծնողը՝ ձևավորում է արժեքային հիմքը։
•Դպրոցը՝ տալիս է գիտելիք և հմտություններ։
•Բժիշկը՝ ապահովում է բժշկական տեղեկատվություն ու ծառայություններ։
Եթե ծնողները կամ ուսուցիչները չեն խոսում այս թեմաների մասին, երեխաները տեղեկությունը փնտրում են ինտերնետում կամ հասակակիցներից՝ հաճախ սխալ կամ վտանգավոր ձևով։ Լավագույն մոտեցումն է՝ սկսել վաղ և ըստ տարիքային աստիճանի զարգացնել թեմաները։