Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանը փորձում է «կեղծ» կամ «oկnւպաgիnն շրջանի հավելում» որակել հայ մշակութային ժառանգությունը Արցախում՝ հող նախապատրաստելով դրանց ոչնչացման համար
Ադրբեջանի hնագիտության ինստիտուտի տնօրեն Ֆարհադ Գուլիևը վերջերս ծավալուն հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է օկուպացված Արցախում ադրբեջանական կողմի իրականացվող հնագիտական աշխատանքներին և ուսումնասիրություններին: Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը նշում է, որ նախկինում Ադրբեջանի գիտական համայնքը ծավալուն հարցազրույցներ և վերլուծություններ չի ներկայացրել Ղարաբաղում իրականացված հնագիտական աշխատանքների մասին: Եղած հրապարակումներն էլ ու հարցազրույցները եղել են կցկտուր:
Ադրբեջանի հնագիտության ինստիտուտի տնօրենը հայտարարել է, որ հայկական կողմը Ղարաբաղում իրականացրել է համակարգված մշակութային ցեղասպանության քաղաքականություն, որի թիրախ են դարձել ինչպես իսլամական, այնպես էլ քրիստոնեական հուշարձանները: Ըստ Գուլիևի՝ հայկական կողմը նպատակուղղված կերպով ոչնչացրել է իսլամական շրջանի հուշարձանները, իսկ քրիստոնեականները՝ հայացրել:
Ադրբեջանական կողմի այս կեղծ հայտարարությունները նոր չեն և վերջին տարիներին անընդհատ կրկնվում են: Ուշագրավ է Ֆարհադ Գուլիևի այն միտքը, որ ադրբեջանական կողմը պետք է հասկանա, թե Ղարաբաղի քրիստոնեական եկեղեցիների վրա եղած հայերեն արձանագրություններից որոնք են կեղծ, որոնք են պատմական, որոնք են ուշ և օկուպացիոն շրջանի հավելում:
Նշվել է, որ ադրբեջանական գիտական համայնքի առաջնային խնդիր է դարձել քրիստոնեական ժառանգության ուսումնասիրությունը:
Ադրբեջանի հնագիտության ինստիտուտի տնօրենը նշել է, որ Ղարաբաղում հետազոտությունների առաջնային նպատակը հայկական օկուպացիայի շրջանում արված վնասների փաստագրումն է հայկական կողմին իրավական պատասխանատվության ենթարկելու համար: Այդ հետազոտությունները դատական հնագիտության մի մասն են և արվում են միջազգային գործընկերների հետ միասին:
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն այս կեղծիքն արձագանքել է՝ նշելով. «Ադրբեջանի հնագիտության ինստիտուտի տնօրեն Ֆարհադ Գուլիևի այս հայտարարությունները ոչ միայն ակնհայտ կեղծիք են, այլ նաև ուղիղ սպառնալիք հայ մշակութային ժառանգությանը․ դրանք վտանգում են հատկապես եկեղեցիների և այլ հուշարձանների վրա եղած հայերեն արձանագրությունները։ Նման ձևակերպումներով ադրբեջանական կողմը փորձում է «կեղծ» կամ «օկուպացիոն շրջանի հավելում» որակել հայ մշակութային ժառանգությունը, ինչով հող է նախապատրաստում դրանց ոչնչացման համար։ Սա ոչ թե գիտական քննարկում է, այլ մշակութային ժառանգության ինքնության փոփոխման և հայկական ներկայության ժխտման ծրագիր։
Ակնհայտ է, որ նման հայտարարությունները միտված են հայկական մշակութային ինքնությունը ժառանգությունից մաքրելու և այն ադրբեջանական կամ «ոչ հայկական» ինքնություն վերագրելուն։ Մինչդեռ միջազգային իրավունքի նորմերը և բազմաթիվ կոնվենցիաներ՝ այդ թվում Հաագայի և Ժնևի կոնվենցիաները, արգելում են մշակութային ժառանգության ինքնության փոփոխությունը, արձանագրությունների մաքրումը կամ ոչնչացումը։ Այսպիսով, Գուլիևի հայտարարությունները ոչ միայն քաղաքականացված և գիտական արժեքից զուրկ են, այլ նաև միջազգային իրավունքի կոպիտ խախտման բացահայտ օրինակներ են»։