«Ժողովուրդ». Ի՞նչ կապ կա Մկրտիչ Մկրտչյանի մեքենայում գտնվող անձի և նրա միջև
Օրվա մամուլ
08:34 05/09/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ի՞նչ կապ կա Մկրտիչ Մկրտչյանի մեքենայում գտնվող անձի և նրա միջև

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ողջ օրը ԱԱԾ-ն Փարաքարում հավաքագրման գործընթացում է ներգրավված եղել։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր անվան շուրջ թմրանյութի, ապօրինի զենքի գործով օպերատիվ տվյալներ են ստացվել, որոնք եղել են բավականին ուշագրավ: Ըստ էության՝ փորձում են հասկանալ, թե ինչ կապ կա Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի մեքենայում գտնվող անձի և նրա միջև։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ պարզվել է, որ Մկրտիչ Մկրտչյանի մեքենայից փախուստի դիմած անձը Փարաքարի բնակիչ Հրանտ Սարգսյանն է, որին երեկ՝ երեկոյան, ժամը 22:00-ի տվյալներով իրավապահները դեռ փնտրում Էին։ Իսկ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբայրը իրավապահներին պնդել է, որ հայտնաբերված զենքն ու թմրանյութը իրենը չեն, այլ իր մեքենայում գտնվող անձին են պատկանել։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայր Մկրտիչ Մկրտչյանը: ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։

Մեկ անձ ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder