Զինվորականների ձախողման պատճառները. Կկայանա «Զինվորական ոչ կոմպետենտության հոգեբանության մասին» Նորման Դիկսոնի գրքի շնորհանդեսը
Քաղաքական
11:58 05/09/2025
Հայաստան

Զինվորականների ձախողման պատճառները. Կկայանա «Զինվորական ոչ կոմպետենտության հոգեբանության մասին» Նորման Դիկսոնի գրքի շնորհանդեսը

Բրիտանացի ռազմական հոգեբան Նորման Դիկսոնի՝ Զինվորական անձեռնհասության (ոչ կոմպետենտության) հոգեբանության մասին գիրքը տալիս է հարցի պատասխանը, թե ինչու են հրամանատարները, գեներալները հաճախ գործում ողբերգական սխալներ։ Գիրքն առավելապես ռազմավարական օղակում գործող հրամանատարների հոգեբանական առանձահատկությունների մասին է։

Գեներալները, որոնց պատրաստության համար ծախսվել են ֆինանսական հսկայական միջոցներ, ում վստահել է պետությունը, որոնք կատարում են քաղաքական իշխանության հրամանները, հանկարծ ձախողում են և այդ ձախողումը չի պայմանավորվում ոչ խիզախության, ոչ գիտելիքների բացակայությամբ, այլ պարզվում է՝ պայմանավորվում է զինվորականների հոգեբանական առանձնահատկություններով։ Նորման Դիկսոնը գրքում պատմական իրադարձությունների, պատերազմների կառավարման օրինակների ներկայացմամբ բացահայտում է զինվորականների հոգեբանական առանձնահատկությունները։

Պահեստազորի գնդապետ, Պաշտպանական հետազոտությունների անկախ կենտրոնի ղեկավար, ՌԴ-ում ՀՀ ռազմական կցորդ (2009-2014), Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ (2018-2019), ՄԱԿ-ում ՀՀ առաքելության զինվորական խորհրդատու (2019-2020) Տիգրան Հովհաննիսյանը Նորման Դիկսոնի գիրքն անգլերենից թարգմանել է ռուսերեն, ասում է՝ երբեք չէինք կարողանա այս գիրքը հրատարակել, եթե չլիներ իր ռուս գործընկեր, Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովի կանխապատվերը։ Գրքի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին։

«Մենք չենք կարող համեմատվել բրիտանացիների հետ. մարտավարական, նույնիսկ ռազմավարական մակարդակներում բրիտանացիների գործած սխալները ճակատագրական նշանակություն չեն կարող ունենալ, որովհետև իրենց հետախուզական, դիվանագիտական, քաղաքական համակարգի ճկունութությունն ու բազմադարյա փորձ կուտակելու հնարավորությունը տալիս է ելքերի ընտրանի. այսինքն՝ կարող են պարտվել, նորից պարտվել, բայց վերջում մեկ է հաղթում են։ Բրիտանացիների հետ համեմատվել չենք կարող, բայց հատկապես՝ սեփական սխալներից դասեր քաղելու առումով կարող ենք օրինակ վերցնել, Նորման Դիկսոնի գիրքն այդ ճանապարհին օգտակար գործիք է, - «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է Տիգրան Հովհաննիսյանը։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder