Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հազվագյուտ հիվանդության պատճառով կինը մարդկանց փոխարեն վիշապներ է տեսնում
Հազվագյուտ հիվանդությամբ տառապող հոլանդացի կինը մարդկանց փոխարեն վիշապներ էր տեսնում։ Live Science-ի հաղորդմամբ, կինը դիմել է հոգեբուժական կլինիկա՝ գանգատվելով անսովոր տեսողական հալյուցինացիաներից. մարդկանց նայելիս նրանց դեմքերը վերածվում էին վիշապանման պատկերների: Հիվանդը նաև նշել է, որ վիշապանման դեմքերը հայտնվում էին ինքնաբուխ, նույնիսկ այլ մարդկանց բացակայության դեպքում, ինչը անհանգստություն էր առաջացնում և խանգարում էր իր սոցիալական շփումներին:
Նա ավելացրել է, որ իր աչքերում մարդկային դեմքերը սկզբում նորմալ տեսք ունեին, բայց հետո «սևացան, աճեցին երկար, սրածայր ականջներ և երկարավուն դունչ»։ Կինը պնդում էր, որ նման տեսիլքներ իրեն ուղեկցել են մանկուց։
Բժիշկները հիվանդի համապարփակ հետազոտություն են անցկացրել, ներառյալ արյան անալիզներ, էլեկտրաէնցեֆալոգրաֆիա և նյարդաբանական հետազոտություններ: Բոլոր պատասխանները նորմալ են եղել, սակայն ՄՌՏ-ն հայտնաբերել է ոսպնյակաձև կորիզում մի քանի վնասվածքներ: Նման վնասվածքները կարող են կապված լինել արյան անոթների միկրոպատռվածքների հետ և հաճախ կապված են ճանաչողական խանգարումների հետ, ներառյալ ուշադրության և հիշողության խնդիրները, որոնք բնորոշ են շիզոֆրենիային:
Մասնագետները ենթադրել են, որ հալյուցինացիաներն առաջացել են ուղեղի այն հատվածներում, որոնք պատասխանատու են դեմքերի և գույների ընկալման համար։ Բժիշկների կարծիքով, հայտնաբերված վնասվածքները կարող էին գոյություն ունենալ ծննդյան պահից և պերինատալ շրջանում կարճատև հիպօքսիայի արդյունք լինել։
Հիվանդի մոտ ախտորոշվել է պրոզոպոմետամորֆոպսիա՝ հազվագյուտ խանգարում, որի դեպքում մարդկային դեմքերը ընկալվում են աղավաղված տեսքով: Թերապիայի շնորհիվ կինը նշել է իր վիճակի բարելավում, աշխատանքի կայունություն և սոցիալական հարաբերությունների կարգավորում: