«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները համոզվել են, որ ԵՄ-ն մեծ հաշվով խաբել է
Օրվա մամուլ
08:52 06/09/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները համոզվել են, որ ԵՄ-ն մեծ հաշվով խաբել է

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ, վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ իր թիմակիցների հետ այլևս չի խոսում Եվրամիությանն անդամակցելու հեռանկարներից։ ՔՊ-ականներն իրենց ներսում հասկացել են՝ ԵՄ-ում Հայաստանի անդամակցությանը ոչ ոք չի սպասում։

Իսկ արտախորհրդարանական «Եվրաքվե» նախաձեռնությունը, որով ԱԺ-ում ընդունվեց Եվրոպա ինտեգրման պատրաստակամության մասին հայտարարություն, ԵՄ-ում խանդավառությամբ չընդունվեց։ Ընդ որում՝ հիմա արդեն պարզ է դառնում, որ այդ նախագիծը նույնիսկ նախապես չէր համաձայնեցվել, լրջորեն չէր բանակցվել եվրոպական կառույցների հետ։ Եվ հենց այդ հանգամանքն է պատճառը, որ ընդունված փաստաթուղթը մնաց անպատասխան. ոչ մի փոխադարձ պատրաստակամություն կամ ազդակ ԵՄ-ից այդպես էլ չստացվեց։

Արդյունքում՝ իշխող ուժը դանդաղ, բայց հետևողականորեն հեռացնում է ԵՄ մտնելու թեման իր քաղաքական առաջնահերթություններից։ ՔՊ-ի նոր ռազմավարությունն է դիվերսիֆիկացնել Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ ավելի սերտ շփումներ հաստատելով Չինաստանի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ։

Միևնույն ժամանակ, իշխանության ներսում հիասթափությունը խորանում է նաև ԵՄ-ից չստացված խոստումների պատճառով։ Հիշեցնենք, որ Բրյուսելը դեռևս 2021-ին խոստացել էր Հայաստանին տրամադրել 2.6 միլիարդ եվրո ներդրումային փաթեթ, սակայն մինչ այժմ փոխանցվել է ընդամենը շուրջ 500 միլիոն եվրո, այն էլ՝ հիմնականում դրամաշնորհների տեսքով։

Այսպիսով՝ Հայաստանի իշխանությունները փաստացի համոզվել են, որ ԵՄ-ն մեծ հաշվով խաբել է. ո՛չ քաղաքական պատրաստակամություն կա Հայաստանին ընդունելու, ո՛չ էլ խոստացված ֆինանսական աջակցությունն է տեղ հասել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder