Աբովյանում գործող սննդի կետերից մեկում հայտնաբերվել են հարազատ եղբայրների մարմինները
Հասարակություն
15:58 07/09/2025
Հայաստան

Աբովյանում գործող սննդի կետերից մեկում հայտնաբերվել են հարազատ եղբայրների մարմինները

Սեպտեմբերի 7-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող արագ սննդի կետում 2 քաղաքացի կա կախված։

«Ժամանել են ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները։

Այս պահին պարեկները տարածքը սահմանազատել են, և ահազանգով ժամանած ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու Աբովյանի հրշեջ-փրկարարները փորձում են սննդի կետի դուռը բացել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ներսում 2 տղամարդու դի կա կախված, ովքեր հարազատ եղբայրներ են։ Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածների ինքնությունը։ Դեպքի վայր է ժամանել նաև Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder