Ո՞վ է Սերժ Սարգսյանն այս մեղադրական եզրակացության մեջ, հարևա՞նս է. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
12:39 08/09/2025
Հայաստան

Ո՞վ է Սերժ Սարգսյանն այս մեղադրական եզրակացության մեջ, հարևա՞նս է. Ռոբերտ Քոչարյան

«Այս մեղադրական եզրակացությունը չի տրվել ի սկզբանե իրավաբանի կողմից։ Այն քաղաքական փաստաթուղթ է, որը որոշ գրասենյակներից ուղարկել են դատախազություն։ Սա ըստ էության քաղաքական գրասենյակներում կազմված փաստաթուղթ է, որը շատ փոքրիկ փոփոխություններով դարձավ մեղադրական եզրակացություն»,-ելույթ ունենալով դատարանում՝ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա մի քանի ձևակերպումների անդրադարձավ, որոնք ներառված են մեղադրական եզրակացության մեջ։ Օրինակ, որպես շարժառիթ գիրեն վերագրվող գործողությունների նշված են «ցանկալի իշխանական համակարգը պահելը» և «ամեն գնով իշխանութունն իր մտերիմ Սերժ Սարգսյանին փոխանցելը»։

Նա հարց հնչեցրեց՝ կարո՞ղ է որևէ մեկը բացատրել, ինչ է նշանակում ցանկալի իշխանական համակարգը պահելը։

«Երբ մեղադրանքն առաջադրեցին, ես քննիչին ասացի՝ չեմ հասկանւոմ, ի՞նչ եք ուզում ինձանից։ Մինչ այսօր ես այդ բացատրությունը չեմ ստացել։ Հիմա խնդրում եմ, ինձ բացատրեք, ի՞նչ է նշանակում ցանկալի իշխանական համակարգ։ Փորձել եմ գրականություն քրքրել, նույնիսկ դիմել եմ արհեստական բանականությանը»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

Նա ընդգծեց՝ երկրի ղեկավարի սահմանդրական սուրբ պարտականությունն է իշխանական համակարգի պահպանումը, որը պետական ինստիտուտների ամբողջությունն է։

«Ստացվում է, որ ինձ մեղադրում են այն բանի մեջ, ինչը իմ պարտականությունն է»,-ասաց նա։

Անդրադառնալով հաջորդ շարժառիթիի ձևակերպմանը՝ Ռ. Քոչարյանն ասաց.

«Մեղադրական եզրակացության մեջ փորձել եմ հասկանալ, ո՞վ է Սերժ Սարգսյանը։ Չկա, չի նշված։ Չի նշված, թե ով է Սերժ Սարգսյանն այս մեղադրական եզրակացության մեջ, հարևա՞նս է։ Ամեն ինչին չափ պետք է լինի, չէ՞։ Հարց է առաջանում, լավ, դատախազությունը չգիտեր, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։ Վարչապետ է  դարձել 2007 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ոչ թե մտերմության։ Չգիտե՞ր, թե անպայման պետք է սահմանդրական կարգի տապալման հետ կապող մի վերսիա մտածել և այդ մտերիմ բառն օգտագործել, որ անձեռնմխելիությունը շրջանցեր։

ՀՀ երկրորդ նախագահը նկատեց, որ կարված գործ է, հորդորեց իր ելույթն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։

Ռոբերտ Քոչարյանի ելույթի մանրամասները՝ տեսանյութում։

Մինչ այդ ՀՀ երկորրդ նախագահի պաշտպան Արամ Վարդևանյանը մեջբերեց ԱԺ-ում գործով որպես տուժող ներգրավված Սարգիս Քլոյանի դստեր՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անուշ Քլոյանի հարցը՝ ուղղված գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ապա նկատեց, որ այս գնահատականներն ու պատասխանները հնչեցվում են այն ընթացքում, երբ ՍԴ-ն դեռ որոշում չի ընդունել։ Նա դատախազի մի քանի հայտարարություններ էլ ցիտեց Աննա Վարդապետյանի հարցազրույցներից։

«Խնդիր է առաջանում, երբ դեռևս բարձր դատարանի կողմից, Վճռաբեկ դատարանի կողմից որևէ որոշում առկա չէ և արդեն իսկ խոսվում է, որ վերաորակվում է վաղեմության ժամկետն անցած, բայց տուժողի ներկայացուցիչներ, դուք ունեք մի գործիք գույքային պատասխանատվության հարց բարձրացնելու։ Այս պահին դրությամբ արդեն կա ներկայացված նման հայց։ Այդ հայցում նշվում է, որ արարքի իրավական որակումը փոխվել է։ Առաջադրվել է նոր մեղադրանք։ Այսինքն մեկ այլ քաղաքացիական գործով արդեն դատարանի գործողությունները կանխատեսված են, գլխավոր դատախազը 2024-ի ապրիլին է փորձել կանխատեսում կատարել, և մենք այս իրավիճակում իրականացնում ենք ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողություններ։ Եկեք անկեղծ լինենք, մեռնք փորձում ենք դրանք ի կատար ածել։ Եկեք ավելի անկեղծ լինենք, պատվարժան դատարան, մենք ընդհանրապես դրանից դուրս ենք գտնվում»,-ասաց Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։  Մինչ ընդհանուր իրավասության դատարանը քննում էր գործը, ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց հոդվածը։ Վճռաբեկ դատարանը 2024-ի սեպտեմբերին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը: Գործը քննող նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը 2018 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ո՞վ է Սերժ Սարգսյանն այս մեղադրական եզրակացության մեջ, հարևա՞նս է. Ռոբերտ Քոչարյան